• Latest news▼

Հիպնոսը և հոգեթերապիան կարող են թեթևացնել երեխայի որովայնի խրոնիկական ցավերը. Medical Xpress

22 հոկտեմբերի, 2026  20:34

Երեխաների և դեռահասների մոտ որովայնի կրկնվող ցավերը կարող են կապված լինել ուղեղի և աղիների միջև փոխազդեցության խանգարման հետ, գրում է Medical Xpress բժշկագիտական հանդեսը:

Նույնիսկ եթե հետազոտությունը չի հայտնաբերում օրգանական պատճառներ, ախտանիշները կարող են արտահայտված լինել: Շվեդ հետազոտողներն ուսումնասիրում են, թե արդյոք հիպնոսն ունակ է օգնել նման բուժառուներին:

«Բուժառուների մոտ կարող են բավականին ծանր ախտանիշներ լինել, նույնիսկ եթե առաջնային բժշկական հետազոտությունը չի հայտնաբերում օրգանական խանգարումներ, որոնք կարող էին բացատրել դրանք»,- պատմել է Կարոլինսկայի ինստիտուտի դոցենտ և Ստոկհոլմի Սաչսկա հիվանդանոցի մանկական ստամոքսաղիքաբանության բաժանմունքի ավագ բժիշկ Օլա Օլենը:

Նման խանգարումների շարքին է դասվում աղիների գրգռման համախտանիշը, որը կարող է ուղեկցվել ցավով, փորլուծությամբ կամ փորկապությամբ: Ախտանիշների արտահայտվածության վրա ազդում են սթրեսն ու հոգեբանական վիճակը, ընդ որում՝ այս կապն աշխատում է երկու ուղղությամբ էլ, նշել է Օլենը:

Բուժումն սկսում են բուժառուներին ցավի առաջացման մեխանիզմների բացատրությամբ: Եթե դա բավարար չէ, կարող են օգնել ճանաչողական-վարքաբանական թերապիան  և դեպի աղիներն ուղղված հիպնոսը: Ճանաչողական-վարքաբանական թերապիան  հնարավորություն է տալիս աշխատել տագնապային մտքերի և ախտանիշների հանդեպ վախի հետ:

Հիպնոսն ինքնատիրապետման կորուստ չի ենթադրում: Երեխաներին առաջարկում են աուդիոձայնագրություններ՝ թուլացնող վարժություններով և ուղղորդվող երևակայությամբ: Օրինակ՝ նրանք պատկերացնում են շարժումը ջրային սահուղով, որի արագությունը կարող են վերահսկել, կամ օդապարիկ, որում կարգավորում են օդի քանակը:

Աղիների գրգռման համախտանիշ և կրկնվող ցավեր ունեցող 32 շվեդ երեխաների և դեռահասների մասնակցությամբ փորձնական հետազոտության ընթացքում մասնակիցները ձայնագրությունները լսել են տանը՝ օրական 15 րոպե, 12 շաբաթվա ընթացքում: Մոտ 40%-ը հայտնել է կլինիկական առումով նշանակալի բարելավման մասին: Սակայն հետազոտությունում ստուգիչ խումբ չի եղել, որի պատճառով արդյունքները զգույշ գնահատման կարիք ունեն:

Այժմ հետազոտողներն անցկացնում են PIPPI նախագիծը 300 մարդու մասնակցությամբ՝ համեմատելով հիպնոսը Ճանաչողական-վարքաբանական թերապիայի հետ: Գիտնականները ցանկանում են պարզել, թե որքանով են արդյունավետ երկու մեթոդները և ում է դրանցից յուրաքանչյուրն ավելի լավ օգնում: Եթե հիպնոսի արդյունավետությունը հաստատվի, այն հնարավոր կլինի օգտագործել որպես բուժման տնային մեթոդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll