✕

ԱՀԿ-ն մեկնաբանել է Շամոնդի վիրուսից մարդու մահվան առաջին դեպքը

23 հոկտեմբերի, 2026  10:47

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կապի մեջ է Ֆրանսիայի իշխանությունների հետ, որտեղ հիվանդանոցում մահացել է Շամոնդի վիրուսով վարակված պացիենտը։ Այս վիրուսի փոխանցման վերաբերյալ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Ֆրանսիան գրանցել է Շամոնդի վիրուսով մարդու վարակման առաջին հաստատված դեպքը, այն նախկինում հայտնաբերվել էր միայն կենդանիների մոտ», - գրել է Գեբրեյեսուսը էլեկտրոնային նամակում։ «ԱՀԿ-ն կապի մեջ է Ֆրանսիայի իշխանությունների հետ, որոնք հավաքում են տեղեկատվություն առաջին մարդ պացիենտի վարակի աղբյուրը, փոխանցման հնարավոր ուղիները և հանրային առողջության հնարավոր ռիսկերը գնահատելու համար», - նշել է նա։ «Փոխանցման մեխանիզմներն ավելի լավ հասկանալու համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ», - ընդգծել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։

Գեբրեյեսուսը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին։

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ Շամոնդի վիրուսը «հիմնականում ազդում է այնպիսի կենդանիների վրա, ինչպիսին են խոշոր եղջերավոր անասունները, ոչխարները, այծերը և ձիերը»։ Նա հիշեցրել է, որ ենթադրվում է, որ վիրուսը կենդանիների շրջանում տարածվում է ճանճերի նման փոքր միջատների խայթոցների միջոցով, և հավելել է, որ մահացած պացիենտը թույլ իմունային համակարգ ուներ, ինչը նրան ավելի խոցելի է դարձրել վարակի և ծանր հիվանդության նկատմամբ։ Պացիենտը «գտնվել էր այն տարածաշրջանում, որտեղ Շամոնդի վիրուսը շրջանառվել է կենդանիների շրջանում, և որտեղ առկա էին Culicoides ցեղի միջատներ»։

Ֆրանսիական իշխանությունները նախկինում հայտնել էին մարդու՝ Շամոնդի վիրուսով վարակման առաջին դեպքի մասին. պացիենտը մահացել է հիվանդանոցում հոկտեմբերի սկզբին։ Իշխանությունները կարծում են, որ վիրուսը ներկայում հանրային առողջության համար սպառնալիք չի ներկայացնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում