✕

Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է ավելի քան 60 տարով երիտասարդացնել բջիջները

23 հոկտեմբերի, 2026  12:53

Բոննի համալսարանի և Բոննի համալսարանական հիվանդանոցի գիտնականները, Աախենի գործընկերների հետ միասին, «երիտասարդացրել» են 80-ամյա դոնորի բջիջներն ավելի քան 60 տարով՝ արյան բջիջներն ուղղակիորեն վերածելով նեյրալ ցողունային բջիջների: Իհարկե, սա դեռևս լաբորատոր աշխատանք է, այլ ոչ թե մարդկանց ծերացումը կանգնեցնելու մեթոդ: Հետազոտությունը հրապարակվել է «Aging Cell» ամսագրում:

Հետազոտողները 80-ամյա դոնորից վերցրել են արյան կարմիր բջիջների նախորդներին և ուղղակիորեն վերածրագրավորել դրանք՝ դարձնելով նեյրալ ցողունային բջիջներ՝ նյարդային հյուսվածքի նախորդներ: Միևնույն ժամանակ, տարիքի «էպիգենետիկ մարկերները» հասցվել են 20 տարեկանից փոքր անձին համապատասխանող մակարդակի:

Հիմնական առանձնահատկությունը պրոցեսի աստիճանական բնույթն է: «Մեր մոտեցմա մեջ երիտասարդացումը տեղի է ունեցել աստիճանաբար և կարող է վերահսկվել ավելի քան 100 օր», - բացատրել է հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Օլիվեր Բրյուսթլեն: Մոտավորապես 50 օրվա ընթացքում բջիջների «մոլեկուլյար տարիքը» կրճատվել է վեց տասնամյակով, իսկ էպիգենետիկ ժամացույցը վերափոխվել է մի քանի շաբաթվա ընթացքում:

Ինչու է սա կարևոր. տարիքը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, ինչպիսին է Ալցհեյմերի հիվանդությունը, ռիսկի հիմնական գործոնն է: Տարեց պացիենտի արյունից «երիտասարդ» նյարդային բջիջներ ստանալը՝ առանց դրանք նախապես պլուրիպոտենտ (և, հետևաբար, պոտենցիալ վտանգավոր) բջիջների վերածելու, գրավիչ հեռանկար է նման հիվանդությունների ուսումնասիրության և ապագայում բջջային թերապիայի համար։

Հեղինակներն ընդգծել են, որ սա լաբորատոր ուսումնասիրություն է և օրգանիզմի ծերացումը «հետ դարձնելու» պատրաստի միջոց չէ: Փորձանոթում գտնվող առանձին բջիջների կենսաբանական տարիքն է, որը երիտասարդացվում է. սա մարդու վրա կիրառելը առանձին և դեռևս չլուծված խնդիր է: Այնուամենայնիվ, բջիջների վերահսկվող և հետևելի երիտասարդացման փաստը կարևոր է ծերության մասին գիտության համար. այն ցույց է տալիս, որ բջջի կենսաբանական տարիքը մահվան դատավճիռ չէ, այլ վիճակ, որը, սկզբունքորեն, կարելի է վերահսկվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում