Ամերիկյան Moderna և Merck դեղագործական ընկերությունները հայտնել են մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի վտանգավոր ձևի դեմ պատվաստանյութի հաջող փորձարկումների մասին:
Ավելի քան 1100 բուժառուների մասնակցությամբ հետազոտության արդյունքներով՝ պատվաստանյութի համադրումը Keytruda դեղամիջոցի հետ հիվանդության կրնության կամ մահվան հարաբերական վտանգը նվազեցրել է 42%-ով, իսկ հեռավոր մետաստազների հայտնվելու կամ մահվան վտանգը՝ 38%-ով: Հետազոտության արդյունքները նախատեսվում է ներկայացնել Մադրիդում Բժշկական ուռուցքաբանության եվրոպական ընկերության կոնգրեսում, գրում է գերմանական Bild պարբերականը:
Պատվաստանյութի առանձնահատկությունն այն է, որ այն ստեղծվում է անհատապես յուրաքանչյուր բուժառուի համար՝ նրա ուռուցքի գենետիկական մուտացիաների հիման վրա: Պատրաստուկը պետք է իմունային համակարգին սովորեցնի ճանաչել և ոչնչացնել քաղցկեղային բջիջները:
Բուժումից երկու տարի անց Keytruda-ի հետ պատվաստանյութ ստացած բուժառուների ավելի քան 82%-ը ողջ է մնացել առանց հիվանդության կրկնության: Ստուգիչ խմբում, որտեղ կիրառել են Keytrud»-ն պլացեբոյի հետ, այդ ցուցանիշը կազմել է 70%:
Նոր թերապիան նախատեսված է այն բուժառուների համար, որոնց մելանոման արդեն հեռացվել է վիրահատական ճանապարհով, որպեսզի կանխվի հիվանդության վերադարձը: Դա քաղցկեղի դեմ կանխարգելիչ պատվաստում չէ:
Պատրաստուկը դեռևս մնում է փորձարարական և լայն կիրառման թույլտվություն չի ստացել, որի պատճառով Գերմանիայի և այլ երկրների բժշկական հաստատություններում դրա հայտնվելու ժամկետներն անհայտ են:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում