✕

Իմունային բջիջների նոր ատլասը կօգնի գնահատել քաղցկեղի և վաղաժամ մահվան վտանգը

24 հոկտեմբերի, 2026  15:39

Գիտնականների միջազգային խումբը քարտեզագրել է նեյտրոֆիլները՝ մարդու արյան ամենատարածված սպիտակ գնդիկները։ Ստացված ատլասը ցույց է տվել, թե ինչպես են այս բջիջների գենային ակտիվությունն ու առանձնահատկություններն ազդում քաղցկեղի, նյութափոխանակության խանգարումների և մահացության ռիսկի վրա։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Immunology պարբերականում։

SCAHN կոչվող այս ատլասում համադրվել են շուրջ մեկ միլիոն նեյտրոֆիլների տվյալներ՝ ստացված 781 նմուշից ու 43 հետազոտական բազայից։ Գիտնականներն ուսումնասիրել են ինչպես առողջ մարդկանց, այնպես էլ վարակներով, աուտոիմուն խնդիրներով, դիաբետով, սիրտ-անոթային հիվանդություններով ու քաղցկեղով տառապող պացիենտների բջիջները։ Նրանք ուսումնասիրության համար վերցրել են արյունից, ոսկրածուծից, թոքերից, լյարդից և փայծաղից ստացված բջիջներ։

Պարզվել է, որ նեյտրոֆիլներն ունեն հասունության տարբեր մակարդակներ և իմունային պաշտպանության տարբեր ուժգնություն։ Դրանց առանձին գենետիկ տեսակներն ուղղակիորեն կապված են COVID-19-ի ու բակտերիալ սեպսիսի ծանր ընթացքի և մահացության բարձր ռիսկի հետ։ Իսկ CD74 գենի հետ կապված տեսակները, ընդհակառակը, ուղեկցվում են հիվանդության ավելի բարեհաջող ելքով։

Բացի այդ, մասնագետները նկատել են, որ նեյտրոֆիլների որոշ գենետիկ հատկանիշները զուգորդվում են նյութափոխանակության վատթարացմամբ, դիաբետի վտանգով և ընդհանուր մահացության աճով։ Քաղցկեղ ունեցողների մոտ էլ բջիջների բորբոքային որոշ պրոֆիլներ նշանակել են կյանքի ավելի կարճ տևողություն, իսկ մյուսները՝ ավելի լավ կանխատեսում։

Ավելի քան 430 հազար պացիենտի թվային բժշկական քարտերի վերլուծությունը նաև ի հայտ է բերել, որ նեյտրոֆիլների բարձր մակարդակը կարող է մեծացնել քրոնիկ հիվանդությունների ու մահվան վտանգը՝ նույնիսկ եթե արյան ցուցանիշները դեռ տեղավորվում են նորմայի մեջ։

Այդուհանդերձ, հեղինակները շեշտում են, որ ստացված տվյալներն առայժմ հնարավոր չէ կիրառել առօրյա բժշկության մեջ՝ կոնկրետ մարդու հիվանդության զարգացումը կանխատեսելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում