Ամերիկացիները սուրճից սկսել են ավելի շատ կալորիա ստանալ, թեև վերջին տարիներին դրա օգտագործման ծավալը գրեթե չի փոխվել։ Հիմնական պատճառը բուսական սերուցքի աճող կիրառությունն է, որը սուրճի հավելումների մեջ իր կալորիականությամբ առաջ է անցել շաքարից և կաթնամթերքից։ Այս եզրահանգմանն են եկել Թաֆթսի համալսարանին կից Ջերալդ և Դորոթի Ֆրիդմանների անվան սննդագիտության և քաղաքականության դպրոցի հետազոտողները։
Գիտնականները վերլուծել են 2003–2018 թվականներին 20-ից բարձր տարիքի շուրջ 30 հազար ամերիկացիների սննդակարգի վերաբերյալ տվյալները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the Academy of Nutrition and Dietetics ամսագրում։
Այդ ժամանակահատվածում սուրճի օրական միջին օգտագործումը կայուն է մնացել՝ կազմելով մոտ 370 միլիլիտր։ Սակայն սուրճից և դրա հավելումներից ստացվող կալորիաների քանակն օրական 43-ից հասել է 60 կիլոկալորիայի։
2018 թվականին սրճային ըմպելիքների կալորիականության մեջ ամենամեծ մասնաբաժինն ունեցել է ոչ կաթնային սերուցքը՝ օրական միջինը 18,5 կիլոկալորիա։ Երկրորդ տեղում շաքարն է՝ 16 կիլոկալորիա, իսկ երրորդում՝ սովորական կաթը, որն ապահովել է 11 կիլոկալորիա։ Համեմատության համար նշենք, որ 2003 թվականին ոչ կաթնային սերուցքին բաժին էր ընկնում օրական միջինը 7,71 կիլոկալորիա։
Հետազոտողները նաև պարզել են, որ սուրճի ոչ կաթնային հավելումների օգտագործումն աճել է գրեթե երեք անգամ՝ օրական 3,65 գրամից հասնելով 10,5 գրամի։ Հատկապես նկատելի է դարձել բուսական սերուցքի և բուսական կաթի պահանջարկի աճը։ Միևնույն ժամանակ, օգտագործվող սովորական կաթի և շաքարի քանակը գրեթե չի փոխվել։
«Մենք պարզեցինք, որ սուրճին ավելացվող ոչ կաթնային սերուցքն այժմ սրճային ըմպելիքների ընդհանուր կալորիականության մեջ իր մասնաբաժնով գերազանցում է թե՛ շաքարին, թե՛ կաթնամթերքին», — նշել է հետազոտության գլխավոր հեղինակ, ասպիրանտ Յոնյի Պանը։ Նրա խոսքով՝ դրա պատճառը կարող է լինել նման սերուցքի որոշ տեսակներում հագեցած ճարպերի բարձր պարունակությունը։
Գիտնականները նաև պարզել են, որ ավելի քիչ քնող կամ ավելի երկար աշխատող մարդիկ միջինում ավելի շատ սուրճ են խմում։ Ընդ որում, առողջ և ոչ այնքան առողջ սննդակարգ ունեցող մարդկանց շրջանում սուրճի օգտագործման ծավալը գրեթե չի տարբերվել։