Կանոնավոր մարզումներն օգնում են օրգանիզմում պահպանել D վիտամինի մակարդակը նույնիսկ առանց հատուկ հավելումների ընդունման և արևի ճառագայթների ազդեցության։ Բացի այդ, անգամ մեկանգամյա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մի քանի ժամով առաջացնում է D վիտամինի շրջանառվող մետաբոլիտների կոնցենտրացիայի կտրուկ աճ։ Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է «Frontiers in Endocrinology» հանդեսում։
D վիտամինի պակասի կանխարգելման հիմնական միջոցներ են համարվում սննդակարգի փոփոխությունը, հավելումների ընդունումը և արևի տակ պարբերաբար գտնվելը։ Այդուհանդերձ, գիտական աշխատանքների վերլուծությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվությունը նույնպես կարող է ազդել օրգանիզմում այդ նյութի կոնցենտրացիայի վրա։
Հետազոտողների տվյալներով՝ անգամ մեկ մարզումն ի վիճակի է արյան մեջ ժամանակավորապես բարձրացնել D վիտամինի և դրա ակտիվ ձևի՝ 1,25(OH)2D3-ի (կալցիտրիոլի) մակարդակը։ Նման փոփոխություններն ի հայտ են գալիս ֆիզիկական ծանրաբեռնվածությունից արդեն մի քանի ժամ անց, իսկ կանոնավոր պարապմունքների դեպքում ազդեցությունն ավելի երկար է պահպանվել։
«Այս կապն առանձնապես նկատելի է եղել ձմռան ամիսներին, երբ արևի լույսի պակասի պատճառով D վիտամինի մակարդակը սովորաբար նվազում է։ Կանոնավոր մարզվողների շրջանում այս սեզոնային անկումն ավելի քիչ է արտահայտված եղել։ Բացի այդ, նրանց մոտ չի դիտարկվել D վիտամինի կենսաբանորեն ակտիվ ձևի կոնցենտրացիայի անկում, որը մասնակցում է օրգանիզմում տարբեր գործընթացների կարգավորմանը»,— պարզաբանել են գիտնականները։
Ընդ որում, ֆիզիկական ծանրաբեռնվածության բարերար ազդեցությունը չէր բացատրվում միայն մարմնի զանգվածի նվազեցմամբ. փոփոխություններն արձանագրվել են նաև նիհարելուց անկախ։ Դրական ազդեցության հստակ մեխանիզմը բացահայտելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում