• Latest news▼

Պրոգեստերոնի մակարդակը կապված է ուղեղի կողմից հույզերի մշակման հետ․ Psychological Medicine

26 հոկտեմբերի, 2026  13:37

Բարսելոնայի համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել պրոգեստերոնի բնական մակարդակի և հույզերի կառավարման ընթացքում ուղեղի աշխատանքի առանձնահատկությունների միջև։ Պարզվել է, որ այս հորմոնի բարձր պարունակության դեպքում գործողությունների տարբեր տարբերակներին արձագանքող ազդանշանների միջև տարբերությունն ավելի թույլ է արտահայտվում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychological Medicine ամսագրում։

Գիտափորձին մասնակցել է 18–35 տարեկան 116 առողջ կին, որոնք հորմոնալ հակաբեղմնավորիչներ չեն օգտագործել։ Հետազոտողները չափել են մասնակիցների թքի մեջ պրոգեստերոնի ու էստրադիոլի մակարդակը, ինչպես նաև խնդրել են գնահատել վերջին շաբաթվա իրենց տրամադրությունը։

Ֆունկցիոնալ ՄՌՏ հետազոտության ընթացքում մասնակիցները առաջադրանք են կատարել երջանիկ ու բարկացած դեմքերի լուսանկարներով։ Կոճակի սեղմումով նրանք պետք է տեսողականորեն մոտեցնեին կամ հեռացնեին պատկերը։ Որոշ դեպքերում հրահանգը համապատասխանել է բնական արձագանքին՝ մոտենալ ժպտացող դեմքին և հեռանալ բարկացածից, իսկ մյուս դեպքերում պահանջվել է վարվել հակառակ կերպ։

Սխալների բարձր հաճախականություն ունեցող վեց մասնակցի բացառելուց հետո հեղինակները վերլուծել են 110 կնոջ տվյալները։ Համակարգչային մեթոդն առաջադրանքի պայմանները տարբերակել է ուղեղի ակտիվության տարածական օրինաչափություններով։

Պրոգեստերոնի ավելի բարձր մակարդակի դեպքում նման ճանաչման ճշգրտությունը նվազել է լատերալ ճակատային բևեռում և զոլավոր մարմնում։ Առաջին հատվածը մասնակցում է ինքնաբերական հուզական արձագանքների հաղթահարմանը։ Դրանում ավելի թույլ տարբերակվող ազդանշանները կապված են եղել նաև նախորդ շաբաթվա ընթացքում նկատված ավելի վատ տրամադրության հետ։

Այնուամենայնիվ, խոսքը վիճակագրական կապերի մասին է, այլ ոչ թե տրամադրության կամ ինքնատիրապետման վրա հորմոնի ապացուցված ազդեցության։ Հորմոնների մակարդակը չափվել է մեկ անգամ, դրա համար էլ աշխատանքը չի ցույց տալիս, թե ինչպես են փոխվում միևնույն կնոջ արձագանքները դաշտանային ցիկլի ընթացքում։

Արդյունքները մատնանշում են հորմոնալ վիճակի և հուզական մշակման միջև հնարավոր կապի մեխանիզմը։ Դրանք ստուգելուն կօգնեն միևնույն մասնակիցների շրջանում իրականացվելիք կրկնակի չափումները. այս հետազոտության հիման վրա կանանց բնավորության կամ հուզական կայունության վերաբերյալ հետևություններ անելու որևէ հիմք չկա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll