Այս հանգստյան օրերին շատ երկրներ ժամացույցները մեկ ժամետ հետ կտեղափոխեն՝ վերադառնալով ձմեռային կամ «ստանդարտ» ժամանակին, որն ավելի լավ է համաձայնեցված արեգակի դիրքի հետ՝ ամառային ժամանակացույցով մի քանի ամիս ապրելուց հետո:
Սլաքների փոխումը տեղի է ունենում տարին երկու անգամ, և թեև բազմաթիվ փորձեր են արվել հրաժարվելու այս գործելակերպից, ամեն գարուն և աշուն ժամացույցները միևնույն է տեղաշարժում են մեկ ժամով:
«Ամառային» և «ձմեռային» ժամանակի սեզոնային անցումը մտցվել էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ էներգիա խնայելու նպատակով, իսկ 1970-ականներին շատ երկրներ վերադարձան դրան, հիշեցնում է Euronews-ը:
Ընդսմին այժմ հետազոտողները զգուշացնում են առողջության վրա ունեցող հետևանքների մասին, հատկապես՝ գարնանային ժամանակի փոխման դեպքում:
Սակայն այս գործելակերպը պահպանելու մասին որոշումը սոսկ առաջին քայլն է:
«Ժամացույցների փոխման չեղարկումը լուծում է մեկ խնդիր, բայց ստեղծում մեկ ուրիշը՝ ո՞ր ժամանակով ապրել տարին բոլոր»,- ասում է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր և ամառային ժամանակին անցման առողջության վրա ազդեցության վերաբերյալ նորերս հրապարակված վերլուծության գլխավոր հեղինակ Ռեյմոնդ Լեմը:
Հեղինակների կարծիքով՝ ժամացույցների փոխումից հրաժարվելը վերացնում է կարճաժամկետ խախտումները, սակայն հենց ընտրված մշտական համակարգն է որոշում խրոնիկական, երկարաժամկետ հետևանքները հանրային առողջության համար:
«Բժշկական տվյալների ամբողջությունը խոսում է ստանդարտ ժամանակի օգտին, գլխավորապես այն պատճառով, որ առավոտյան լույսը կարևոր է մեր կենսաբանական ժամացույցի, քնի և տրամադրության համար»:
Երկու տարբերակն էլ ունեն դրական և բացասական կողմեր. մշտական ամառային ժամանակն ստեղծում է ավելի լուսավոր երեկոներ, ինչը կարող է նպաստել հանգստին, սոցիալական ակտիվությանը, աշխատանքի մեկնելուն և տնտեսական գործունեության որոշ տեսակների:
Սակայն դրան զուգահեռ՝ արևածագը տեղաշարժվում է ևս մեկ ժամով ուշ, և ձմռանն ավելի ու ավելի շատ մարդիկ են արթնանում, դպրոց ու աշխատանք գնում մթության մեջ:
«Մեր կենսաբանական ժամացույցին անհրաժեշտ է առավոտյան լույսը՝ 24-ժամյա օրվա հետ համաժամյա մնալու համար,- պարզաբանում է Կանադայի Սայմոն Ֆրեյզերի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ռալֆ Միստլբերգերը:- Մշտական ամառային ժամանակն այս լույսը տեղաշարժում է ևս մեկ ժամով ուշ հենց այն ժամանակ, երբ ձմեռային առավոտներն առանց այդ էլ ամենամութն են»:
Մշտական ստանդարտ ժամանակը պահպանում է ավելի վաղ ձմեռային արևածագները, որոնք բնական կերպով համընկնում են օրգանիզմի քնի և արթունության հերթափոխումը կարգավորող մարդու ցիրկադային ռիթմերի հետ՝ ապահովելով անհրաժեշտ առավոտյան լույսը կենսաբանական ժամացույցի սինխրոնացման համար:
Ինչպես նշվում է վերլուծությունում, առավոտյան լույսի ազդեցության տակ գտնվելն օգնում է փոխհատուցել կենսաբանական ժամացույցի՝ հետ մնալու բնական հակումը, նվազեցնում է քնկոտությունն ու պահպանում աշխուժությունը, քնի որակն ու տրամադրությունը:
Հեղինակները հանգում են այն եզրակացության, որ հենց ստանդարտ կամ ձմեռային ժամանակն է առողջության տեսանկյունից լավագույն տարբերակը:
«Ժամանակային քաղաքականությունը հանրային առողջապահության ոլորտի քաղաքականություն է»,- ընդգծում է Vancouver Coastal Health տարածչական վարչության հանրային առողջության բժիշկ Ալեքսանդրա Չհոյը:
«Եթե կառավարությունները որոշեն ամուր ամրագրել ամառային ժամանակը տարին բոլոր, նրանք պետք է նախապես՝ դեռևս առաջին ձմեռից առաջ, պատրաստվեն հետևանքներին՝ սկսած առավոտյան անվտանգ երթևեկության ապահովումից և աշխատանքի ու ուսման սկզբի ճկուն ժամերից մինչև քնի, հոգեկան առողջության և վնասվածքների մոնիթորինգը»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day