Տարվա ընթացքում ծայրահեղ շոգի ընդամենը մի քանի օրը կարող է կապված լինել տարեց տարիքում դեմենցիայի զարգացման բարձր ռիսկի հետ: Նման եզրակացության են հանգել ամերիկացի հետազոտողները՝ վերլուծելով ավելի քան 28 հազար մարդու տվյալներ 2000-2020 թվականն ընկած ժամանակահատվածում: Արդյունքները հրապարակվել են Alzheimer’s & Dementia բժշկագիտական հանդեսում:
Դիտարկման ընթացքում դեմենցիա է զարգացել 3773 մասնակցի կամ ուսումնասիրվող խմբի 13,2%-ի շրջանում: Ամենանշատ նկատելի փոխադարձ կապը հայտնաբերվել է այն մարդկանց շրջանում, որոնք մի քանի տարվա ընթացքում կանոնավոր կերպով ենթարկվել են հատկապես վտանգավոր շոգի ազդեցությանը: Երբ շոգի ինդեքսը կազմել է 39,4 °C և ավելի (ցուցանիշ, որը միաժամանակ հաշվի է առնում ջերմաստիճանը և օդի խոնավությունը), դեմենցիայի վտանգն ամենամեծ ազդեցության ենթարկված խմբում 23%-ով բարձր է եղել, քան նման շոգի նվազագույն ազդեցությանը ենթարկված մարդկանց շրջանում:
Հետազոտողները պարզել են նաև, որ կապն առավել արտահայտված է սոցիալապես խոցելի շրջաններում: Ջերմային բարձր ծանրաբեռնվածություն ունեցող մարդկանց շրջանում դեմենցիայի հաշվարկային ռիսկը 40%-ով բարձր է եղել ամենաանբարենպաստ շրջաններում և 11%-ով բարձր՝ ավելի քիչ խոցելի վայրերում: Որոշիչ դեր կարող է խաղալ նաև օդորակման հասանելիությունը. այն շրջաններում, որտեղ կենտրոնական օդորակիչներն ավելի հազվադեպ էին հանդիպում, ծայրահեղ շոգի և դեմենցիայի միջև կապն ավելի ուժեղ էր:
Գիտնականները ենթադրում են, որ ուժգին շոգը կարող է ազդել ուղեղի վրա արյան մատակարարման խախտման, բորբոքային գործընթացների և օքսիդատիվ սթրեսի միջոցով: Ջրազրկումը և քնի խանգարումները նույնպես կարող են սրել գերտաքացման հետևանքները: Ընդսմին, այս հետազոտությունում կենսաբանական մեխանիզմներն ուղղակիորեն չեն ուսումնասիրվել:
Հեղինակներն ընդգծում են, որ աշխատանքը բացահայտում է կապը, սակայն չի ապացուցում, որ շոգն ինքնին դեմենցիա է առաջացնում: Ջերմաստիճանի ազդեցությունը գնահատվել է ըստ բնակության վայրի, այլ ոչ թե անհատական պայմանների, իսկ դեմենցիան որոշվել է ճանաչողական հետազոտությունների, այլ ոչ թե կլինիկական ախտորոշումների միջոցով:
Արդյունքները վկայում են, որ անհրաժեշտ է հաշվի առնել կլիմայական ռիսկերը տարեց մարդկանց առողջության պաշտպանության միջոցառումները պլանավորելիս, հատկապես վատ բնակարանային պայմաններ և հովացման սահմանափակ հասանելիություն ունեցող շրջաններում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day