✕

Ոչ թե էկրանի առաջ անցկացրած ժամերը, այլ սովորույթը. գիտնականները կապ են հայտնաբերել սմարթֆոնի գործածման և կեցվածքի միջև

28 հոկտեմբերի, 2026  08:36

Սմարթֆոնների խնդրահարույց օգտագործումը կարող է կապված լինել երիտասարդ կանանց կեցվածքի խանգարումների և պարանոցի շարժունակության սահմանափակումների հետ։ Ընդ որում, հեռախոսից օգտվելու տևողությունն ինքնին զգալի կապ չի դրսևորել ուսումնասիրված ցուցանիշների մեծամասնության հետ։ Նման եզրահանգման են եկել այն հետազոտողները, որոնց աշխատությունը հրապարակվել է «BMC Musculoskeletal Disorders» ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 18-ից 25 տարեկան 63 ուսանողուհի։ Նրանք սմարթֆոնից օգտվել են օրական միջինը շուրջ վեց ժամ։ Գիտնականները գնահատել են հեռախոսից օգտվելու նրանց սովորությունները, գլխի դիրքը, պարանոցի շարժունակությունը, մկանների դիմացկունությունն ու ֆունկցիոնալ սահմանափակումների աստիճանը։

Սմարթֆոնի խնդրահարույց օգտագործման սանդղակով ավելի բարձր միավորները փոխկապակցված են եղել գլխի՝ դեպի առաջ առավել արտահայտված մղվածության, պարանոցի որոշ շարժումների սահմանափակման և ֆունկցիոնալ ավելի լուրջ խանգարումների հետ։ Ամենաակնառու կապը նկատվել է պարանոցի վիճակով պայմանավորված՝ առօրյա գործունեության սահմանափակումների դեպքում։ Այնուամենայնիվ, բացահայտված բոլոր փոխկապակցվածությունները թույլ են եղել։

Ընդ որում, հեռախոսից օգտվելու ընդհանուր ժամանակն ու էկրանային ժամանակը վիճակագրորեն նշանակալի կապ չեն ունեցել ցուցանիշների մեծամասնության, այդ թվում՝ ցավի ուժգնության հետ։ Որպես անսպասելի արդյունք՝ սմարթֆոնի ավելի տևական օգտագործումը թույլ փոխկապակցվածություն է դրսևորել պարանոցը ծալող մկանների առավել մեծ դիմացկունության հետ։

Հետազոտողները ենթադրում են, որ կարևոր կարող է լինել ոչ այնքան էկրանի առջև անցկացրած ժամերի քանակը, որքան սարքի օգտագործման բնույթն ու դրա հետ կապված սովորությունները։ Գլուխը տևական ժամանակ անհարմար դիրքում պահելը հավանաբար ազդում է պարանոցի կենսամեխանիկայի վրա, սակայն այս վարկածը դեռևս ապացուցված չէ։

Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունն ընդգրկել է երիտասարդ կանանց փոքր խումբ և թույլ չի տալիս հաստատել պատճառահետևանքային կապ։ Արդյունքները հաստատելու համար անհրաժեշտ են առավել լայնամասշտաբ հետազոտություններ՝ էկրանային ժամանակի օբյեկտիվ չափումներով և տևական դիտարկումներով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում