✕

Տեստոստերոնը ամուր առողջություն չի երաշխավորում. ինչ է ցույց տվել 15 տարվա ընթացքում տղամարդկանց ուսումնասիրությունը

28 հոկտեմբերի, 2026  22:48

31 տարեկան հասակում տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը կապված չէ առողջության ինքնագնահատականի և կյանքի որակի էական տարբերությունների հետ մինչև 46 տարեկան դառնալը: Նման եզրակացության են հանգել հետազոտողները, որոնք ուսումնասիրել են Ֆինլանդիայից գրեթե 2700 տղամարդու տվյալներ: Արդյունքները հրապարակվել են Endocrine Connections բժշկագիտական հանդեսում:

Գիտնականներն օգտագործել են 1966 թվականին ծնվածների հյուսիսֆինլանդական կոհորտայի տվյալները: Մասնակիցների մոտ տեստոստերոնի կոնցենտրացիան չափվել է 31 տարեկանում՝ տղամարդկանց բաժանելով չորս խմբի՝ ամենացածրից մինչև ամենաբարձր մակարդակների: Այնուհետև, 46 տարեկանում, մասնակիցները գնահատել են սեփական առողջությունը և լրացրել հարցաթերթիկ, որը հաշվի է առել կյանքի որակի 15 պարամետր, ներառյալ ֆիզիկական վիճակը, շնչառությունը, տրամադրությունը և սեքսուալ ակտիվությունը:

Ընդհանուր առմամբ, առողջության մասին հարցերին պատասխանած տղամարդկանց 63,9%-ն այն գնահատել է որպես լավ կամ գերազանց, 32,1%-ը՝ միջին,իսկ 4%-ը՝ վատ կամ շատ վատ: Հետազոտողները էական տարբերություններ չեն հայտնաբերել տեստոստերոնի տարբեր մակարդակ ունեցող խմբերի միջև: Կյանքի որակի միջին ցուցանիշները բոլոր չորս խմբերում համապատասխանել են բարձր մակարդակի:

Ընդ որում, տեստոստերոնի ամենացածր ցուցանիշներով տղամարդիկ ավելի հաճախ են ունեցել որոշ մետաբոլիկ և ստամոքսաղիքային հիվանդություններ: Սակայն գոտկատեղի շրջագիծը հաշվի առնելուց հետո այս տարբերություններն այլևս վիճակագրորեն նշանակալի չեն եղել: Դա վկայում է, որ ճարպակալումը կարող է կարևոր դեր խաղալ հորմոնալ ֆոնի և առողջության միջև եղած կապերում:

Ամենացածր տեստոստերոն ունեցող խմբում նաև ավելի հազվադեպ են հանդիպել հոգեակտիվ նյութերի գործածմանն առնչվող խանգարումները: Բացի դրանից, այդ խմբի տղամարդիկ վիճակագրական ճշգրտումից հետո կյանքի ընդհանուր որակի գծով մի փոքր ավելի լավ արդյունքներ են ցույց տվել: Տարբերությունը փոքր է եղել, իսկ բոլոր չորս խմբերի համեմատությունը նշանակալի տարբերություններ չի բացահայտել:

Որոշ արդյունքներ վերաբերել են առանձին ցուցանիշների: Ամենացածր տեստոստերոն ունեցող տղամարդկանց մոտ բարձր են եղել դեպրեսիայի սանդղակով գնահատականները կյանքի որակի հարցաթերթիկում, ընդ որում՝ այս կապը պահպանվել է այլ գործոնները հաշվի առնելուց հետո էլ: Սակայն հետազոտությունը թույլ չի տալիս պարզել, թե ինչու է առաջացել նման տարբերությունը: Թոքերի հիվանդությունների վերաբերյալ տվյալները ևս բավականաչափ հուսալի չեն եղել բաց թողնված պատասխանների մեծ քանակի պատճառով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում