Վաշինգտոնում կայացած «IDWeek» ինֆեկցիոն հիվանդությունների ամենամյա համաժողովին ներկայացված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ հեպատիտ B-ի ակտիվ վարակակիր ունեցող ընտանիքներում մեծացող մինչև հինգ տարեկան երեխաների կեսից ավելին վարակվելու վտանգի է ենթարկվում ոչ թե կենսաբանական մորից, այլ ընտանիքի մյուս անդամներից։ Այս մասին հայտնում է Medical Xpress պարբերականը։
Կալիֆոռնիայի «Kaiser Permanente» հետազոտական կենտրոնի գիտնականները՝ Կարեն Ջեյքոբսոնի ղեկավարությամբ, ուսումնասիրել են բուժհաստատության տվյալների բազայում հաշվառված՝ մինչև հինգ տարեկան ավելի քան 158 հազար երեխայի տվյալներ։
Նրանցից 1689 ընտանիքում հայտնաբերվել է հեպատիտ B-ի ակտիվ վարակ ունեցող անձ, որոնց հետ նույն հարկի տակ ապրել է 2024 երեխա (հետազոտության մասնակիցների մոտ 1,3%-ը)։
Պարզվել է, որ այդ երեխաների միայն 41,8%-ն է գտնվել ի ծնե վարակման ռիսկի խմբում (երբ վիրուսը կարող է փոխանցվել մորից), իսկ մեծամասնության՝ 58,2%-ի պարագայում վարակի հավանական աղբյուր են հանդիսացել ընտանիքի այլ անդամները։ Ուշագրավ է, որ մայր չհանդիսացող վարակակիրները միջինում ավելի տարեց են եղել (44 տարեկան՝ 38-ի դիմաց), ընդ որում՝ նրանց 76,5%-ը տղամարդիկ են։
Տարբերություններ են արձանագրվել նաև պատվաստումների ժամկետներում։ Մորից վարակվելու վտանգ ունեցող բոլոր նորածինները պատվաստվել են կյանքի առաջին յոթ օրվա ընթացքում, մինչդեռ վարակակիր այլ հարազատ ունեցող երեխաների դեպքում այդ ցուցանիշը կազմել է 93,5%, իսկ ռիսկի խմբում չգտնվողների մոտ՝ 86,7%։
«Երեխան կարող է վարակվել ցանկացած ակտիվ վարակակրից, ոչ միայն մորից»,- ընդգծել է Ջեյքոբսոնը՝ հավելելով, որ քանի որ անհնար է ստուգել երեխայի հետ շփվող յուրաքանչյուր անձի առողջական վիճակը, ծնվելուն պես արվող պատվաստումը մնում է վարակի պոտենցիալ աղբյուրներից պաշտպանվելու լավագույն միջոցը։
Հեպատիտ B-ն վիրուսային վարակ է, որը կարող է հանգեցնել լյարդի քրոնիկական հիվանդությունների։ Հետազոտության հեղինակները նշում են, որ իրենք գնահատել են միայն ընտանիքներում վարակի հնարավոր աղբյուրների առկայությունը, այլ ոչ թե հարազատներից երեխային վիրուսի փոխանցման հաստատված դեպքերը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում