✕

Գլիոբլաստոման ուղեղի բջիջներին ստիպում է օգնել իրեն աճելու հարցում. հետազոտությունը նոր մեխանիզմ է բացահայտել

29 հոկտեմբերի, 2026  20:51

ԱՄՆ Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականները հայտնաբերել են մի մեխանիզմ, որի միջոցով գլիոբլաստոման՝ ուղեղի ամենաագրեսիվ ուռուցքներից մեկը, օգտագործում է շրջակա նյարդային բջիջները՝ սեփական աճն արագացնելու համար: Կենդանիների վրա կատարված փորձերում հետազոտողները նաև պարզել են, որ էպիլեպսիայի դեմ երկու դեղամիջոց ունակ են դանդաղեցնել ուռուցքային բջիջների բազմացումը: Արդյունքները հրապարակվել են Neuron հանդեսում:

Նորմայում արգելակող նյարդային բջիջները՝ նեյրոններն օգնում են զսպել ուղեղի էլեկտրական ակտիվությունը: Սակայն գլիոբլաստոման խախտում է այս համակարգի աշխատանքը՝ ստեղծելով ուռուցքի զարգացմանը նպաստող պայմաններ: Հետազոտողները պարզել են, որ ուռուցքային բջիջներն արտազատում են DBI սպիտակուցը, որն ուժեղացնում է նյարդային շղթաների ակտիվությունը, ինչպես նաև օգտագործում են GAT-1 սպիտակուցը, որը մասնակցում է գամմա-ամինոկարագաթթու (GABA) նեյրոմեդիատորի կարգավորմանը. վերջինս սովորաբար նվազեցնում է նյարդային բջիջների ակտիվությունը:

Փորձերում ուռուցքի հարևանությամբ արգելակող նեյրոնների ակտիվացումը դանդաղեցրել է դրա աճը: Հակառակը՝ դրանց ակտիվության արգելակումը հանգեցրել է գլիոբլաստոմայի աճի ուժեղացման:

Այնուհետև գիտնականները փորձարկել են գամմա-ամինոկարագաթթվի ազդանշանների փոխանցումն ուժեղացնող երկու դեղամիջոց՝ լորազեպամ և վալպրոաթթու: Երկու միջոցն էլ զգալիորեն նվազեցրել են ուռուցքային բջիջների բազմացումը մկների մոտ՝ ստուգիչ խմբի համեմատությամբ:

Գլիոբլաստոման հատկապես վտանգավոր է արագ զարգացման և բուժման սահմանափակ հնարավորությունների պատճառով: Բուժառուների գրեթե կեսի մոտ ցնցումները դառնում են հիվանդության առաջին դրսևորումներից մեկը: Նոր արդյունքները վկայում են, որ ուռուցքի և նյարդային բջիջների փոխազդեցությունը կարող է ազդել ոչ միայն ցնցումների առաջացման, այլև քաղցկեղի սաստկացման վրա:

Հեղինակներն ընդգծում են, որ առայժմ խոսքը կենդանիների վրա կատարված փորձերի մասին է: Անհրաժեշտ է պարզել՝ արդյոք այս դեղամիջոցներն ունա՞կ են դանդաղեցնելու գլիոբլաստոմայի զարգացումը մարդկանց օրգանիզմում և արդյոք անվտա՞նգ է դրանք կիրառել այդ նպատակով: Հետազոտությունը բացում է հեռանկարային ուղղություն. ազդել ոչ միայն ուռուցքի, այլև նեյրոնների և քաղցկեղային բջիջների միջև եղած ազդանշանների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում