• Latest news▼

Գիտնականները բացատրել են աուտիզմ ունեցող կանանց մոտ դաշտանադադարի ծանր ընթացքը. «Autism in Adulthood»

29 հոկտեմբերի, 2026  14:56

Աուտիզմ ունեցող անձանց մոտ դաշտանադադարը նկատելիորեն ավելի ծանր է ընթանում, քան նեյրոտիպիկ մարդկանց մոտ։ Այս եզրահանգմանն է եկել Բորնմութի համալսարանի ասպիրանտ Ընհի Քիմի գլխավորած թիմը, որը հինգ շաբաթ շարունակ դիտարկել է ավելի քան 900 մասնակցի։ Իր տեսակի մեջ խոշորագույն այս հետազոտության արդյունքները հրապարակվել են «Autism in Adulthood» ամսագրում։

Դիտարկման ողջ հինգ շաբաթների ընթացքում աուտիզմ ունեցող կանանց մոտ ախտանիշներն ավելի սուր են արտահայտվել։ Դրանց գումարվել են նաև ավելի ուժգին տագնապն ու դեպրեսիան և կյանքի ավելի ցածր որակը. այս բոլոր ցուցանիշները կապված են եղել դաշտանադադարի ծանր ընթացքի հետ։ Պարզվել է, որ որքան ծանր է ընթացել դաշտանադադարը, այնքան ավելի ցածր են գնահատվել կանանց ինքնազգացողությունն ու կյանքի որակը։ Բացի այդ, մասնակիցներին դավաճանել է նաև ֆիզիկական առողջությունը. աուտիզմ ունեցող մարդիկ գրեթե կրկնակի անգամ ավելի շատ են հայտնել սրտանոթային հիվանդությունների, իսկ ավելի քան չորս անգամ՝ հոդերի և կապանների հետ կապված խնդիրների (օրինակ՝ գերշարժունակության) մասին։ Շատերի մոտ արձանագրվել է միանգամից մի քանի քրոնիկական հիվանդություն։

«Ես մտածում էի, թե խելագարվում եմ», «Ես կարծում էի՝ հիվանդ եմ». այսպես են նկարագրում իրենց վիճակն աուտիզմ ունեցող այն մարդիկ, որոնց զգացողությունները չեն համընկնում դաշտանադադարի վերաբերյալ իրենց կարդացածի կամ ուրիշներից լսածի հետ,- պատմել է պրոֆեսոր Ջուլի Գեմբլ-Թյորները։ Նա նշում է, որ դաշտանադադարի շրջանում սպասվելիք փոփոխությունների մասին տեղեկացված լինելն օգնում է աուտիկ մարդկանց պակաս վախենալ և իրենց կորած չզգալ։

Հեղինակները փորձել են հասկանալ, թե ինչու է դաշտանադադարն աուտիզմ ունեցող անձանց մոտ ավելի ծանր տարվում։ Ախտանիշների սրությունը պայմանավորված էր վերահսկողության կորստի զգացումով և մարմնական ու հոգեկան փոփոխություններն ընկալելու դժվարություններով։ Դաշտանադադարը սրում է աուտիզմ ունեցող անձանց՝ հիշողության, պլանավորման, հույզերի և զգայական ընկալունակության հետ կապված դժվարությունները։

Դաշտանադադարը հեշտ շրջան չէ նաև նեյրոտիպիկ մարդկանց համար. դրա ախտանիշները ստիպում են յուրաքանչյուր տասներորդ կնոջը թողնել աշխատավայրը։ Ընհի Քիմի խոսքով՝ իր գիտական ղեկավարների նախորդ աշխատություններն արդեն իսկ ցույց էին տվել, որ աուտիզմ ունեցող անձանց համար դաշտանադադարը կարող է վերածվել ճգնաժամային շրջանի։ Նրա հետազոտությունն առաջիններից մեկն է, որը փորձել է բացատրել այս ծանր փորձառության բնույթը։

Դոկտոր Ռեյչել Մոզլին ուշադրություն է հրավիրում ևս մեկ խնդրի՝ օգնություն ստանալու հասանելիության դժվարությունների վրա։ Բժիշկները միշտ չէ, որ պատրաստ են հավատալ, որ աուտիկ մարդն իրեն վատ է զգում. նա պարտադիր չէ, որ իր տառապանքն արտահայտի սովորական դարձած ձևով, և կարող է ճգնաժամի մեջ լինելով հանդերձ՝ խոսել հանգիստ ու տրամաբանված։ «Այնքան կարևոր է հավատալ յուրաքանչյուրին, ով ասում է, որ իր համար ծանր է»,- եզրափակում է հետազոտողը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll