• Latest news▼

Արագ քայլքը 23%-ով նվազեցնում է վաղաժամ մահվան վտանգը․ JAMA Network Open

28 հոկտեմբերի, 2026  12:44

Արագ քայլող մարդկանց մոտ մահվան ռիսկն ավելի ցածր է։ Նման եզրահանգման են եկել Տրոնհեյմում տեղակայված Նորվեգիայի բնական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանի հետազոտողները։ Ուսումնասիրությունը հրապարակվել է «JAMA Network Open» գիտական ամսագրում։

Քայլքի արագությունն ու քայլերի հաճախականությունը «մշտապես կապված են եղել ընդհանուր մահացության հետ՝ անգամ օրական արված քայլերի քանակի ճշգրտումից հետո»,- գրում են հետազոտողները։ Հետազոտական խումբը գլխավորել է Ռայան Հադդաջը։

Ուսումնասիրության համար գիտնականները վերլուծել են բրիտանացի ավելի քան 4000 պետական ծառայողների տվյալներ, որոնք մասնակցել են դեռևս 1980-ականների վերջին մեկնարկած՝ առողջության ուսումնասիրության նախագծին։ Հետազոտության պահին նրանց միջին տարիքը կազմել է շուրջ 69։ Մասնակիցները կլինիկական հետազոտություններ են անցել յուրաքանչյուր չորս-հինգ տարին մեկ։ 2012 և 2013 թվականներին չափվել է նաև նրանց քայլքի արագությունը, իսկ զբոսանքի ժամանակ մեկ րոպեում արված քայլերի քանակին հետևելու համար հատուկ սարք է կիրառվել։

Քայլքի ավելի մեծ արագությունը կապված է եղել հետազոտության ժամանակահատվածում մահվան ռիսկի 23%-ով նվազման հետ։ Իսկ քայլքի ավելի մեծ հաճախականությունը մահվան վտանգը նվազեցրել է 17%-ով։

Նյու Յորքի Հյուսիսային Սթաթեն Այլենդի համալսարանական հիվանդանոցի բժշկության բաժանմունքի ղեկավար, դոկտոր Թեոդոր Սթրենջի խոսքով՝ պատճառները կարող են տարբեր լինել։ Արագ քայլքը վկայում է այն մասին, որ մարդն ունի «ավելի քիչ թվով խրոնիկ հիվանդություններ, իսկ եղածներն էլ ավելի լավ են վերահսկվում»։ Սակայն երբ առողջությունը վատթարանում է, «քայլքի արագությունը կարող է դառնալ այն առաջին ֆունկցիոնալ ցուցանիշներից մեկը, որն անկում է ապրում»։

«Կլինիկորեն գրանցվող քայլքի ավելի մեծ արագությունը հավանաբար պայմանավորված է առավել ամուր առողջությամբ։ Իսկ երբ կորցնում եք այդ արագությունը, հավանաբար մեծանում է ընկնելու, թուլության, ճանաչողական գործառույթների անկման, և ի վերջո՝ հիվանդացության ու մահացության ռիսկը»,- «Medical Xpress» պարբերականին պարզաբանել է նա։

Նրանց, ովքեր ցանկանում են արագացնել տեմպը, Սթրենջը խորհուրդ է տալիս սկսել իրենց համար հարմար արագությունից և ապա աստիճանաբար ավելացնել րոպեում արվող քայլերի քանակը։ «Սայթաքելու վտանգի տեսանկյունից՝ կարճ քայլերն, ամենայն հավանականությամբ, ավելի անվտանգ են, քան երկարները»,- հավելել է նա։ Կարևոր է նաև հետևել կեցվածքին. ուղիղ պահել մեջքը, բացել ուսերը, թուլանալ ու քայլելիս շարժել ձեռքերը։

Սթրենջի խոսքով՝ պարտադիր չէ օրական անցնել հայտնի 10 հազար քայլը։ «Իմ խորհուրդն է՝ սկսեք այն կետից, որտեղ հիմա եք, և մի քանի օր շարունակ հետևեք ձեր քայլերի ընթացիկ քանակին։ Հասցրեք դրանք մինչև 5000-6000-ի, իսկ հետո փորձեք հասնել օրական 7000-8000 քայլի,- ասել է նա:- Եթե դուք ժամանակ, հնարավորություն և միջոցներ ունեք 10 հազարի հասնելու համար, կարծում եմ՝ դա հիանալի է։ Բայց, ըստ իս, 7000-8000 միջակայքն այն է, ինչին իսկապես արժե ձգտել»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll