Հետազոտողների միջազգային թիմը մարդու տարիքը խոսքի առանձնահատկություններով գնահատող ալգորիթմ է մշակել: Դեմենցիայից տառապող մարդկանց մոտ ստացված գնահատականն ավելի հաճախ է գերազանցել իրական տարիքը, ընդ որում՝ տարբերության մեծությունը կապված է եղել ուղեղի առողջության ցուցանիշների հետ: Աշխատանքը հրապարակվել է Science Advances հանդեսում:
Հետազոտությանը ներառվել է 2928 իսպանախոս մասնակից Արգենտինայից, Չիլիից, Կոլումբիայից, Մեքսիկայից և Պերուից: Նրանց թվում եղել են 1504 մարդ՝ առանց ճանաչողական խանգարումների, և 1424 մասնակից՝ Ալցհեյմերի հիվանդությամբ, ճակատ-քունքային դեմենցիայով կամ թեթև ճանաչողական ունակությունների խանգարումներով:
Փորձարկվողները կարճ խոսքային առաջադրանքներ են կատարել. նկարագրել են անիմացիայում տեղի ունեցող իրադարձությունները, վերապատմել պատմություններ և ասել բառեր՝ ըստ սահմանված կանոնի: Ալգորիթմը վերլուծել է հարյուրավոր ձայնագիտական և լեզվական բնութագրեր՝ արագության աստիճանից ու դադարներից մինչև բառերի ընտրություն և դրանց իմաստային կոնկրետություն:
Այս տվյալների հիման վրա մոդելը կանխատեսել է տարիքը, ինչից հետո հետազոտողները գնահատականից հանել են փաստացի ապրած տարիների թիվը: Այսպես է ստացվել «խոսքային տարիքի» ցուցանիշը. դրական տարբերությունը նշանակել է, որ խոսքի առանձնահատկություններն ավելի «տարեց» տեսք են ունեցել, քան սպասվում էր:
Դեմենցիայից տառապցող բուժառուների շրջանում այդ տարբերությունն ավելի մեծ է եղել, քան ճանաչողական խանգարումներից զերծ մարդկանց շրջանում: Հատկապես արտահայտված շեղում է նկատվել ճակատ-քունքային դեմենցիայի այն տարբերակների դեպքում, որոնք ազդում են լեզվի վրա: Բացի դրանից, ցուցանիշը կապված է եղել ճանաչողական թեստերի արդյունքների և մագնիսառեզոնանսային շերտագրության միջոցով ուղեղի ծերացման գնահատականների հետ: Հասանելի ենթախմբերում հայտնաբերվել են նաև կապեր որոշ կենսաբանական մարկերների հետ:
Հեղինակների կարծիքով՝ խոսքի վերլուծությունը կարող է դառնալ հասանելի հավելում ծերացման հետազոտությունների և նեյրոդեգենեներատիվ հիվանդությունների նշանների որոնման համար. ձայնագրությունը բարդ սարքավորումներ չի պահանջում և կարող է իրականացվել հեռակա կարգով:
Սակայն ալգորիթմը դեռևս չի կարելի համարել ինքնուրույն ախտորոշիչ թեստ: Տարիքի գնահատման միջին սխալը կազմել է մոտ ինը տարի, իսկ տվյալները հավաքվել են մեկ ժամանակահատվածում, ուստի աշխատանքը ցույց չի տալիս, թե արդյոք մեթոդն ընդունա՞կ է կանխատեսելու ապագա դեմենցիան: Դրա կիրառելիությունն այլ լեզուների նկատմամբ ևս դեռևս պետք է ստուգվի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day