✕

Վիրաբույժը հեռացրել է բուժառուի ուռուցքը՝ գտնվելով նրանից 55 կմ հեռավորության վրա. ABC News

29 հոկտեմբերի, 2026  22:47

Ամերիկյան վիրաբույժ Վիպուլ Պատելն առաջին անգամ անցկացրել է քաղցկեղով բուժառուի շագանակագեղձի հեռացման վիրահատություն՝ հեռակա կարգով կառավարելով ռոբոտացված համակարգը վիրահատարանից մոտ 55 կմ հեռավորության վրա գտնվող հիվանդանոցից: Վիրահատության մասին հայտնում է ABC News-ը:

Վիրահատությունը տեղի է ունեցել Ֆլորիդայում: 66-ամյա բուժառուն գտնվել է Մինեոլա քաղաքի AdventHealth հիվանդանոցում, իսկ Պատելն աշխատել է Օռլանդոյի մոտակայքում գտնվող Սելեբրեյշն քաղաքի AdventHealth Celebration բժշկական կենտրոնից: Ռոբոտացված հեռավիրաբուժական համակարգի միջոցով բժիշկը հեռավորության վրա կառավարել է վիրաբուժական գործիքները և հաջողությամբ հեռացրել շագանակագեղձը:

Վիրահատության ընթացքում բուժառուի կողքին գտնվել է մեկ այլ որակավորված վիրաբույժ: Վիրահատությունից հետո տղամարդու վիճակը մնացել է կայուն:

Պրոցեդուրան դարձել է ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների որակի վերահսկողության վարչության (FDA) հաստատած կլինիկական հետազոտության մաս: Դրա նպատակն է գնահատել հեռակա ռոբոտացված վիրաբուժության անվտանգությունը, արդյունավետությունը և տեխնիկական հնարավորությունները:

Ըստ Պատելի՝ հեռանկարում նման տեխնոլոգիան կարող է ընդլայնել մասնագիտացված բժշկական օգնության հասանելիությունը այն մարդկանց համար, ովքեր ապրում են խոշոր բժշկական կենտրոններից հեռու:

Ավելի վաղ հետազոտության շրջանակներում արդեն անցկացվել էին հեռակա ռոբոտացված վիրահատություններ Օռլանդոյի և Անգոլայի մայրաքաղաք Լուանդայի հիվանդանոցների միջև: Բժշկական հաստատությունների միջև հեռավորությունը գերազանցում էր 11 հազար կիլոմետրը:

Հետազոտողները շարունակում են գնահատել տեխնոլոգիայի հնարավորությունները: Առայժմ այն անցնում է կլինիկական փորձարկումներ, և դրա ավելի լայն կիրառման համար անհրաժեշտ է հաստատել հեռավորության վրա վիրահատությունների անցկացման անվտանգությունն ու հուսալիությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում