✕

Արյան անալիզը կարող է բացահայտել շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը դեռևս ախտորոշումից տասնամյակներ առաջ

30 հոկտեմբերի, 2026  22:51

Տղամարդկանց արյան մեջ առկա հատուկ սպիտակուցները կարող են վկայել շագանակագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի մասին դեռևս 15 և ավելի տարի առաջ, մինչև հիվանդության ախտորոշումը. պարզել են Օքսֆորդի հետազոտողները:

«Արյան մեջ այնպիսի սպիտակուցների հայտնաբերումը, որոնք կապված են շագանակագեղձի քաղցկեղի հայտնի դրայվերային գեների հետ, մինչև ախտորոշումը հավաքված նմուշներում, մեզ նոր պատկերացում է տալիս հիվանդության ամենավաղ փուլերի մասին»,- նշել է Օքսֆորդի հետազոտության պատասխանատու հեղինակ Կարլ Սմիթ-Բըրնը:

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում թոքերի քաղցկեղից հետո աշխարհում տարածվածությամբ երկրորդ տեղում գտնվող քաղցկեղի տեսակն է, հաղորդում է Euronews-ը:

Օքսֆորդի համալսարանի գիտնականները վերլուծել են արյան նմուշներ, որոնք 1992-2000 թվականներն ընկած ժամանակահատվածում հավաքվել են ավելի քան 2500 տղամարդուց: Նրանք համեմատել են 982 տղամարդու ելային նմուշները, որոնց մոտ հետագայում զարգացել է շագանակագեղձի քաղցկեղ, 1573 տղամարդու նմուշների հետ, որոնց մոտ հիվանդությունը չի առաջացել:

Թիմը չափել է ավելի քան 6000 տարբեր սպիտակուցներ յուրաքանչյուր մասնակցի արյան պլազմայում: Քանի որ նմուշները վերցվել էին ախտորոշումից տարիներ առաջ, երբեմն նույնիսկ 15 տարուց ավելի շուտ, հետազոտողները կարողացել են հայտնաբերել վաղ քիմիական ազդանշաններ՝ սպիտակուցների փոփոխություններ:

Սպիտակուցների մի մասը կապված է եղել շագանակագեղձի քաղցկեղի ընդհանուր բարձր ռիսկի հետ, մինչդեռ մյուսներն ասոցացվել են հիմնականում հիվանդության ագրեսիվ կամ արագ աճող ձևերի հետ: Միևնույն ժամանակ, իմունային համակարգի որոշ սպիտակուցների՝ GZMK-ի և ANXA2-ի ավելի բարձր մակարդակ ունեցող տղամարդիկ ունեցել են շագանակագեղձի քաղցկեղի ավելի ցածր երկարաժամկետ ռիսկ, ասվում է հետազոտությունում:

«Շատ ուռուցքներ դանդաղ են աճում և կարող են երբեք վնաս չպատճառել, մինչդեռ մյուսները դուրս են գալիս ագրեսիվ և սպառնալիք ներկայացնում կյանքի համար»,- նշել է աշխատանքի առաջին հեղինակ և Oxford Population Health ստորաբաժանման պոստդոկտորաանտ-համաճարակաբան Չժե Հուանը:

«Ի վերջո, մենք հուսով ենք, որ դա մեզ կօգնի ավելի լավ հասկանալ շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղի կենսաբանությունը և բացահայտել մարկերներ, որոնք հնարավորություն կտան ապագայում ավելի ճշգրիտ գնահատել ռիսկը»,- հավելել է Հուանը:

Ինչպես ընդգծում են հետազոտողները, ստացված տվյալները դեռևս չեն կարող դիտարկվել որպես լիարժեք սկրինինգային թեստ և հետագա ստուգում են պահանջում:

«Առկա և ապագա գենետիկական տվյալների հետ համատեղ՝ այս արդյունքները կարող են օգնել մեզ որոշել այն կենսաբանական ուղիները, որոնց վրա հնարավոր կլինի ազդել շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղի կանխարգելման համար»,- նշել է Սմիթ-Բըրնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում