✕

Ճապոնիայում առաջին անգամ պացիենտին ցողունային բջիջներ են փոխպատվաստել՝ Պարկինսոնի հիվանդությունը բուժելու նպատակով

31 հոկտեմբերի, 2026  10:42

Ճապոնական Sumitomo Pharma դեղագործական ընկերությունը հայտնել է Պարկինսոնի հիվանդություն ունեցող պացիենտին ինդուկցված պլյուրիպոտենտ ցողունային բջիջների (iPS-բջիջներ)՝ աշխարհում առաջին փոխպատվաստման մասին, գրում է Medical Xpress-ը:

Վիրահատությունն իրականացվել է հոկտեմբերին Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում այն բանից հետո, երբ մարտին ճապոնական կարգավորիչ մարմինները պայմանականորեն հավանություն էին տվել այս թերապիային:
Մեթոդը ենթադրում է դոնորական iPS-բջիջներից ստացված միլիոնավոր բջիջների ներպատվաստում գլխուղեղում: Այդ բջիջները ստեղծվում են հասուն, մասնագիտացված բջիջներն ավելի վաղ վիճակի վերադարձնելու միջոցով, ինչը թույլ է տալիս դրանց վերածվել օրգանիզմի տարբեր տեսակի բջիջների: Նոր թերապիայի շրջանակում դրանք օգտագործվում են նեյրոնների նախորդ բջիջներ աճեցնելու համար, որոնք արտադրում են դոֆամին՝ շարժողական համակարգի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ նյութ: Պարկինսոնի հիվանդության ժամանակ նման նեյրոններն աստիճանաբար ոչնչանում են:
Կլինիկական հետազոտության ընթացքում բուժում է ստացել 50-ից 69 տարեկան յոթ պացիենտ: Նրանցից յուրաքանչյուրի գլխուղեղի երկու կողմերում ներպատվաստվել է հինգից տասը միլիոն բջիջ: Մասնակիցների վիճակին հետևել են երկու տարվա ընթացքում: Լուրջ կողմնակի ազդեցություններ չեն հայտնաբերվել, իսկ չորս պացիենտի մոտ նկատվել է հիվանդության ախտանշանների բարելավում:
Պարկինսոնի հիվանդությունը խրոնիկական, հարաճուն նյարդաբանական խանգարում է, որը խաթարում է շարժողական համակարգի աշխատանքը և կարող է առաջացնել դող, մկանային կարկամություն և շարժումների դժվարություն: Parkinson’s Foundation-ի գնահատականներով՝ ամբողջ աշխարհում ավելի քան 10 միլիոն մարդ ապրում է այս հիվանդությամբ: Գոյություն ունեցող բուժման մեթոդներն օգնում են վերահսկել ախտանշանները, սակայն չեն կանգնեցնում կամ դանդաղեցնում հիվանդության զարգացումը:
Sumitomo Pharma-ն ծրագրում է մինչև 2029 թվականի մարտը փոխպատվաստում իրականացնել ևս 20–30 պացիենտի: Ընկերությունն այս թերապիան փորձարկում է նաև ԱՄՆ-ում: Ճապոնիայում դրա հաստատումն առայժմ կրում է պայմանական բնույթ. լիարժեք թույլտվություն ստանալու համար առաջիկա յոթ տարիների ընթացքում դեռ պետք է ապացուցվի մեթոդի անվտանգությունն ու արդյունավետությունը, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նոր միջամտությունը բջջային տեխնոլոգիաների զարգացման ևս մեկ քայլ է դարձել Ճապոնիայում: Մեկ ամիս առաջ Օսակայի հիվանդանոցն աշխարհում առաջին անգամ վիրահատություն էր իրականացրել՝ կիրառելով iPS-բջիջներից ստեղծված սրտամկանի շերտեր: Ենթադրվում էր, որ դրանք կօգնեն ձևավորել արյան նոր անոթներ և վերականգնել սրտի աշխատանքը: Այս թերապիան ևս մարտին պայմանական հավանության էր արժանացել ճապոնական կարգավորիչ մարմինների կողմից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում