✕

Ուտելիքը՝ որպես սփոփանք. գիտնականները կապ են հայտնաբերել ակնկալիքների և սննդային սովորությունների միջև

31 հոկտեմբերի, 2026  16:29

Մարդիկ, որոնք ակնկալում են ավելի շատ դրական հույզեր ստանալ քաղցր, յուղոտ կամ աղի սննդից, կարող են ավելի անառողջ սննդակարգ ունենալ և սթրեսի ու բացասական այլ ապրումների ժամանակ ավելի հաճախ դիմել ուտելիքին։ Նման եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի 1203 չափահաս բնակիչների սննդային սովորություններն ու հուզական ակնկալիքներն ուսումնասիրած հետազոտողները։ Հետազոտությունը հրապարակվել է British Journal of Nutrition ամսագրում։

Մասնակիցներին ցուցադրել են 18 տեսակի մթերքի և ոչ ալկոհոլային ըմպելիքների լուսանկարներ, որոնց թվում եղել են շոկոլադ, պաղպաղակ, տորթեր, մրգեր, բանջարեղեն և պատրաստի կերակուրներ։ Լուսանկարների մի մասը պարունակել է ապրանքանիշի տարրեր։ Հետազոտողները գնահատել են, թե յուրաքանչյուր մթերքն օգտագործելիս մասնակիցներն ինչ հույզեր են ակնկալել ունենալ, իսկ այնուհետև համադրել են պատասխանները նրանց սննդակարգի որակի և այսպես կոչված «հուզական սնուցման»՝ բացասական հույզերին ի պատասխան ուտելու սովորության հաճախականության հետ։

Միջին հաշվով, ճարպերի, աղի և շաքարի բարձր պարունակությամբ մթերքներն ավելի շատ դրական հույզերի ակնկալիքներ են առաջացրել, քան այս կատեգորիային չդասվող սնունդը։ Սակայն ազդեցությունը մեծ չի եղել։ Բրենդինգը հետևողականորեն չի մեծացրել դրական ակնկալիքները. վիճակագրական մոդելում ապրանքանիշի առկայությունը նույնիսկ կապված է եղել ակնկալվող հույզերի փոքր-ինչ ավելի ցածր գնահատականների հետ։

Դրական ակնկալիքների ամենաբարձր գնահատականներն ստացել են հավելումներով պաղպաղակը, շոկոլադը, ելակը, տորթը և ավանդական տապակած ճաշը։ Ընդ որում, ելակն ու տապակած ճաշը նույնպես հայտնվել են առաջատարների շարքում, ինչը ցույց է տալիս, որ հաճույքի ակնկալիքը կապված չէ միայն շաքարի, ճարպերի կամ աղի բարձր պարունակությամբ մթերքների հետ։ Ամենացածր գնահատականներն ստացել են ծովախեցգետնով քարին, աղցանն ու գազարը։

Վերլուծությունը ի հայտ է բերել ոչ մեծ կապ՝ ճարպերի, աղի կամ շաքարի բարձր պարունակությամբ մթերքներից ավելի արտահայտված դրական ակնկալիքների և պակաս առողջ սննդակարգի միջև։ Նման ակնկալիքները կապված են եղել նաև ավելի հաճախակի «հուզական սնուցման» հետ։ Այն մարդկանց մոտ, որոնք բացասական հույզերին ի պատասխան ավելի հաճախ են ուտելիքի դիմել, ի հայտ են եկել ավելի արտահայտված բացասական ակնկալիքներ բազմաթիվ մթերքների, այդ թվում՝ HFSS (շաքարի, ճարպի և աղի բարձր պարունակությամբ) կատեգորիային չդասվող մթերքների նկատմամբ։

Հետազոտողները նշում են, որ հուզական ակնկալիքները կարող են լինել սննդային վարքագծի վրա ազդող գործոններից մեկը՝ համի և այլ հանգամանքների հետ մեկտեղ։ Նրանք առաջարկում են ուսումնասիրել վարքագծային մեթոդներ, որոնք կօգնեն մարդկանց վերանայել այն համոզմունքը, թե որոշակի սնունդն անպայմանորեն թեթևացնում է հուզական վիճակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում