✕

Կոնգոյում էբոլայի տենդից մահացածների թիվը գերազանցել է 5 հազարը

1 նոյեմբերի, 2026  16:43

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 5 հազարը: Երկրի առողջապահության նախարարության հոկտեմբերի 31-ին տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ վիրուսով վարակվել է 10 351 մարդ, որոնցից 5026-ը մահացել են: Մահացության մակարդակը մոտենում է 50 տոկոսի, հաղորդելմ է Medical Xpress-ը։

Բունդիբուջո վիրուսի պատճառով առաջացած բռնկումը սկսվել է մայիսի կեսերին և արդեն դարձել է էբոլայի համաճարակների պատմության մեջ երկրորդ ամենամահասփյուռ բռնկումը: Այն զիջում է միայն 2014-2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում տեղի ունեցած բռնկմանը, որը խլել է մոտ 11 հազար մարդու կյանք: Իշխանությունների տվյալներով՝ ապաքինվել է 2 788 մարդ։

Իրավիճակն առավել ծանր է Կոնգոյի արևելքում՝ Իտուրի և Հյուսիսային Կիվու նահանգներում: Զինված հակամարտությունը, առողջապահական ծառայությունների նկատմամբ հանրության անվստահությունը և ռեսուրսների պակասը նպաստում են վարակի տարածմանը: Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները գնահատում են, որ նոր դեպքերի մոտ 80 տոկոսը հայտնաբերվում է շփումների հետագծից դուրս, ինչը բարդացնում է համաճարակի զսպման ջանքերը։

Լրացուցիչ խնդիր են առողջապահական հաստատությունների աշխատանքի խափանումները՝ ամիսներ շարունակ աշխատավարձ չստացած առողջապահական աշխատողների գործադուլների պատճառով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մահացածների մոտ մեկ երրորդը վախճանվել է բուժման կենտրոններից դուրս՝ առանց բժշկական օգնություն ստանալու։

Հոկտեմբերին Քենիայում և Նիգերիայում նույնպես հաստատվել են էբոլայի դեպքեր: Ուգանդայում նախկինում գրանցված դեպքերի հետ միասին, ներկայիս բռնկումը դառնում է Աֆրիկայի երեք շրջաններն ընդգրկող առաջին և մայրցամաքում ամենատարածված բռնկումը։

Բունդիբուջո վիրուսը էբոլա վիրուսի տարատեսակ է: Դրա համար հաստատված պատվաստանյութ կամ հատուկ բուժում չկա, ուստի պացիենտներին տրամադրվում է ախտանիշները մեղմելու և բարդությունները կանխելու համար նախատեսված օժանդակ խնամք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում