Մաքս Դելբրյուկի անվան մոլեկուլյար բժշկության կենտրոնի և Համբուրգ-Էպենդորֆի համալսարանական բժշկական կենտրոնի գիտնականները հետևել են, թե ինչպես է 1-ին տեսակի պարզ հերպեսի վիրուսը (HSV-1) տարածվում մաշկի բջիջների միջև: Science Advances ամսագրում հրապարակված հետազոտությունն օգնել է բացահայտել վարակի նկատմամբ բջջային արձագանքի տարբերությունները և դրա տարածման վրա ազդող մեխանիզմները:
Փորձի համար հետազոտողներն օգտագործել են մարդու մաշկի եռաչափ օրգանոիդներ՝ մազի ֆոլիկուլներով և նյարդային բջիջներով: Ի տարբերություն սովորական բջջային կուլտուրաների, այս մոդելը թույլ է տալիս նրանց ուսումնասիրել տարբեր բջիջների տեսակների փոխազդեցությունները բնական մաշկին նման կառուցվածքում:
Պարզվել է, որ վիրուսը տարածվում է անհավասարաչափ: Վարակի վաղ փուլերում վիրուսի զգալի քանակություններ հայտնաբերվել են ֆիբրոբլաստներում՝ դերմիսի շարակցական հյուսվածքի բջիջներում: Էպիդերմալ և մազի ֆոլիկուլային որոշ բջիջներ պարունակել են վիրուսի ավելի ցածր մակարդակներ, նույնիսկ վարակված հարևան բջիջների առկայության դեպքում: Վիրուսն ավելի ուշ հասել է մազի ֆոլիկուլներին և զգայական նեյրոններին, ինչը կարող է ցույց տալ վարակին մասամբ դիմադրելու այդ բջիջների ունակությունը:
Գեների ակտիվության տարածական վերլուծության միջոցով գիտնականները նաև պարզել են, որ վարակված բջիջներն առաջացնում են տարբեր պաշտպանական ռեակցիաներ: Մասնավորապես, ակտիվացել են վարակի նկատմամբ արձագանքի և TNF ընտանիքի ազդանշանային մոլեկուլների հետ կապված գեները, որոնք ներգրավված են իմունային գործընթացների կարգավորման մեջ:
Հետազոտողները հույս ունեն, որ հետագա փորձերը կօգնեն պարզաբանել, թե ինչպես է օրգանիզմն արգելակում վիրուսը, նախքան այն կներթափանցի նյարդային համակարգ, և ինչու են որոշ բջիջներ ավելի լավ սահմանափակում վարակը, քան մյուսները:
HSV-1-ը սովորաբար առաջացնում է հերպես շրթունքների և դեմքի վրա, բայց սկզբնական վարակից հետո այն կարող է պահպանվել օրգանիզմում քնած վիճակում, այդ թվում՝ զգայական նյարդային բջիջներում: Հազվադեպ վիրուսն առաջացնում է ուղեղի վտանգավոր բորբոքում: Գիտնականները նաև ուսումնասիրում են HSV-1-ի և Ալցհեյմերի հիվանդության միջև հնարավոր կապը, սակայն այդ կապի բնույթը և վիրուսի դերը հիվանդության զարգացման մեջ դեռևս պարզված չեն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում