Սպորտը, ծխելը և ալկոհոլի օգտագործումը հաճախ համարվում են տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի վրա ազդող գործոններ։ Սակայն, ինչպես պարզել են Ֆինլանդիայում իրականացված նոր հետազոտության հեղինակները, սննդակարգը, մասնավորապես՝ սպիտակուցի բուսական կամ կենդանական ծագումը, նույնպես կարող է էական դեր խաղալ։
2546 տղամարդու մասնակցությամբ անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամենաշատ կենդանական սպիտակուց օգտագործողների մոտ տեստոստերոնի մակարդակն ավելի ցածր է եղել, քան այն նվազագույն քանակությամբ սպառողների մոտ։ Մինչդեռ ամենաշատ բուսական սպիտակուց օգտագործող տղամարդկանց պարագայում արձանագրվել է հակառակ պատկերը։
Տեստոստերոնը հիմնական արական սեռական հորմոնն է, որը մասնակցում է սեռական ֆունկցիայի կարգավորմանը, մկանների զարգացմանը և ոսկորների առողջության պահպանմանը, փոխանցում է Euronews-ը։ Դրա մակարդակը տատանվում է՝ կախված տարիքից, մարմնի զանգվածից և այլ գործոններից, ինչը բարդացնում է մարդու սննդակարգի որևէ առանձին բաղադրիչի ազդեցության հստակ գնահատումը։
Կաթնամթերքից ստացվող սպիտակուցի ավելի մեծ քանակի օգտագործումը կապված է եղել տեստոստերոնի և սեռական հորմոնները կապող գլոբուլինի ավելի ցածր ընդհանուր մակարդակի հետ։ Մսից ստացվող սպիտակուցի սպառումը, հակառակը, կապել են սեռական հորմոնները կապող գլոբուլինի ավելի ցածր խտության, սակայն ոչ ընդհանուր տեստոստերոնի մակարդակի հետ։
Բանջարեղենից և ոչ հացահատիկային այլ աղբյուրներից ստացվող բուսական սպիտակուցի ավելի մեծ քանակի օգտագործումը կապված է եղել ընդհանուր տեստոստերոնի ավելի բարձր մակարդակի հետ։
Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները վերլուծել են Ֆինլանդիայի արևելյան շրջաններում բնակվող 42-60 տարեկան տղամարդկանց տվյալները։ Նրանց սննդակարգը գրանցվել է չորս օրվա ընթացքում՝ 1984-ից 1989 թվականներն ընկած ժամանակահատվածում, իսկ արյան նմուշներն օգտագործվել են ընդհանուր տեստոստերոնի և արյան մեջ տեստոստերոնի մակարդակի վրա ազդող սպիտակուցի՝ սեռական հորմոնները կապող գլոբուլինի չափման համար։
Ամենաշատ կենդանական սպիտակուց օգտագործած տղամարդկանց խմբում ընդհանուր տեստոստերոնի միջին մակարդակը 1,2 նանոմոլ/լիտրով ավելի ցածր է եղել, քան այն ամենաքիչն սպառած մասնակիցների մոտ։ Բուսական սպիտակուցի դեպքում պատկերը հակառակն էր. ամենաշատն օգտագործողների խմբում գտնվող տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը 1,1 նանոմոլ/լիտրով ավելի բարձր է եղել, քան ամենաքիչն սպառողների մոտ։
Իրենց վերլուծություններում գիտնականները հաշվի են առել տարիքը, մարմնի զանգվածի ինդեքսը, ինչպես նաև սննդակարգի, ապրելակերպի և առողջական վիճակի հետ կապված մի շարք այլ գործոններ։
Ֆիննական ուսումնասիրությունը չի ապացուցում, որ կենդանական սպիտակուցը նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը, կամ որ բուսական սննդակարգի անցնելը բարձրացնում է այն։
Հետազոտությունն իրականացվել է լայնակի հատույթի մեթոդով (поперечный срез), այսինքն՝ ուսումնասիրվել են առկա փոխադարձ կապերը, այլ ոչ թե պատճառահետևանքային օրինաչափությունները։
«Թեև տեստոստերոնի խտության հարցում հայտնաբերված տարբերությունները վիճակագրորեն նշանակալի էին, դրանք հարաբերականորեն փոքր էին»,- արդյունքների վերաբերյալ համալսարանի տարածած հաղորդագրության մեջ նշել է Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի դոկտորանտ Միիկա Ուին-Էլիսը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում