2026 թվականին Ռուսաստանի շրջաններում երիկամային համախտանիշով հեմոռագիկ տենդով (ԵՀՀՏ) հիվանդացության նկատելի աճ է արձանագրվել. հիվանդությունը տարածում են կրծողները, այդ թվում՝ դաշտամկներն ու մոխրագույն առնետները։
Ինչպես հաշվարկել է Shot-ը, Նիժնի Նովգորոդի և Սարատովի մարզերում, Թաթարստանում, Բաշկորտոստանում և Ուդմուրտիայում «մկնային տենդ» հիվանդությամբ ախտորոշվել է 1512 պացիենտ։
Հիվանդությունը, որի հարուցիչը հանտավիրուսն է, սկսվում է ջերմության կտրուկ բարձրացմամբ (38-40 աստիճան), դողով, գլխացավով ու մկանացավով, իսկ վաղ փուլերում այն կարող է նման լինել գրիպի։ Ծանր դեպքերում «մկնային տենդը» հանգեցնում է երիկամների ախտահարման։
Ռոսպոտրեբնադզորի տվյալներով՝ Ուդմուրտիայում տարեսկզբից արձանագրվել է ԵՀՀՏ-ի 656 դեպք, որոնց կեսի դեպքում վարակումը տեղի է ունեցել «բնակության վայրում», 30%-ը՝ որսի ժամանակ, իսկ 20%-ը՝ ամառանոցային հողամասերում։ Նիժնի Նովգորոդի մարզում այս տարի «մկնային տենդ» է ախտորոշվել 278 անգամ։ Այս ցուցանիշը 1,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա տվյալները և 2,2 անգամ բարձր է բազմամյա միջին ցուցանիշներից։
Բաշկորտոստանում գրանցվել է հիվանդության 367 դեպք։ Մասնագետները կանխատեսում են հիվանդացության հետագա աճ. ինչպես ավելի վաղ հայտնել էր «Բաշինֆորմ»-ը՝ վկայակոչելով Ռոսպոտրեբնադզորին, մշտադիտարկումը ցույց է տվել, որ անտառներում մկնանման կրծողների թվաքանակը գերազանցում է բազմամյա միջին մակարդակը, իսկ ցրտերն ընկնելուն պես նրանք տեղափոխվում են դեպի բնակելի տներ ու ամառանոցներ։
Պսկովի մարզում, ըստ Ռոսպոտրեբնադզորի տվյալների, արձանագրվել է ԵՀՀՏ-ի 9 դեպք (նախորդ տարվա 3-ի դիմաց)։ Հոկտեմբերի 30-ին Մերձմոսկվայի մի բնակչուհի հոսպիտալացվել է Դոմոդեդովոյի հիվանդանոց՝ «մկնային տենդ» ախտորոշմամբ։ «Այս հիվանդությունը հաճախ չի հանդիպում մեր աշխարհագրական գոտում»,- զարմանք էր հայտնել հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ, ՌԴ վաստակավոր բժիշկ Իրինա Շիլկինան։
Ռոսպոտրեբնադզորում վստահեցնում են, որ ԵՀՀՏ-ի գծով համաճարակաբանական վիճակը «երկրում կայուն է և վերահսկելի»։ «Մկնային տենդի» դեպքեր արձանագրվում են ամեն տարի՝ սկսած 1978 թվականից։ «Այս վարակին բնորոշ են հիվանդացության ցիկլային ալիքներ՝ միջինը յուրաքանչյուր 3-5 տարին մեկ։ Դրանք մեծապես կապված են կրծողների, նախևառաջ՝ շիկակարմիր դաշտամկների թվաքանակի ու վարակվածության հետ, որոնք բնական օջախներում ԵՀՀՏ-ի հարուցիչների հիմնական կրողներն են»,- հավելել են Ռոսպոտրեբնադզորում։
«Մկնային տենդի» գաղտնի (ինկուբացիոն) շրջանը տևում է 4-ից 49 օր (միջինը՝ երկուսից երեք շաբաթ)։ Ընդ որում, վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում, և հիվանդը վարակիչ չէ շրջապատի համար։
Հանտավիրուսով վարակվելու հիմնական ուղին օդափոշայինն է։ «Կրծողների չորացած արտաթորանքը վերածվում է փոշու, որը մաքրություն անելիս կամ խոտի, ծղոտի, ցախի հետ աշխատելիս բարձրանում է օդ։ Վիրուսն ընկնում է շնչուղիներ, և մարդը հիվանդանում է։ Հնարավոր է նաև կոնտակտային վարակում՝ աղտոտված առարկաներին հպվելիս վնասված մաշկի միջոցով, ինչպես նաև սննդային վարակում՝ կրծողների արտաթորանքով կեղտոտված մթերք կամ ջուր օգտագործելու դեպքում»,- սեպտեմբերի սկզբին պարզաբանել էին Ռոսպոտրեբնադզորի Պսկովի մարզային վարչությունում։