Այն զգացողությունը, թե սենյակը պտտվում է ձեր շուրջը կամ հողը փախչում է ոտքերի տակից, կարող է վերտիգոյի՝ վեստիբուլյար համակարգի խանգարման հետ կապված վիճակի նշան լինել։ Մեծահասակների մոտ այս վիճակի ամենատարածված պատճառներից մեկը բարորակ պարոքսիզմալ դիրքային գլխապտույտն է (ԲՊԴԳ): Ըստ Մայոյի կլինիկայի՝ շատ դեպքերում այն հնարավոր է վերացնել հատուկ միջամտության օգնությամբ։
Մասնագետները շեշտում են, որ վերտիգոն և սովորական գլխապտույտը նույն բանը չեն։ Գլխապտույտի ժամանակ մարդը կարող է թուլություն, անկայունություն կամ հավասարակշռության կորուստ զգալ։ Իսկ վերտիգոյի դեպքում առաջանում է շարժման զգացողություն. թվում է, թե պտտվում է կա՛մ հենց ինքը՝ մարդը, կա՛մ նրան շրջապատող առարկաները։
ԲՊԴԳ-ի նոպաները սովորաբար հրահրվում են գլխի դիրքի փոփոխությամբ, օրինակ՝ երբ մարդն անկողնուց վեր է կենում, պառկում է կամ կռանում։ Պատճառը ներքին ականջում գտնվող մանրագույն բյուրեղներն են, որոնք տեղաշարժվում են իրենց սովորական տեղից։ Բնականոն վիճակում դրանք օգնում են օրգանիզմին ընկալել մարմնի դիրքը ձգողականության ուժի նկատմամբ, սակայն տեղաշարժվելիս սկսում են շարժման մասին կեղծ ազդակներ հաղորդել։
Ախտորոշման նպատակով բժիշկները կիրառում են Դիքս-Հոլպայկի հատուկ թեստը, որի ընթացքում պացիենտին բերում են նոպա հրահրող դիրքի և հետևում աչքերի ակամա շարժումներին։
Բուժման հիմնական մեթոդը գլխի որոշակի պտույտների և թեքումների շարքն է, որը թույլ է տալիս բյուրեղները վերադարձնել իրենց տեղը։ Պացիենտների մեծամասնության մոտ ախտանշաններն անցնում են արդեն մեկ միջամտությունից հետո։ Այնուամենայնիվ, հաջողությամբ բուժված մարդկանց մոտ կեսի դեպքում գլխապտույտը վերադառնում է մեկ տարվա ընթացքում։
Վերտիգոն կարող է կապված լինել նաև վեստիբուլյար նյարդի կամ ներքին ականջի բորբոքման, ինչպես նաև Մենիերի հիվանդության հետ։ Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս նոպայից հետո դիմել բժշկի՝ դրա պատճառը պարզելու և համապատասխան բուժում ընտրելու համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում