✕

Հարվածային ալիքներն ընդդեմ ցավի. գիտնականները գնահատել են «սառեցված ուսի» ապաքինման մեթոդները. The BMJ

5 նոյեմբերի, 2026  20:31

Հարվածային ալիքային թերապիան, հավանաբար, օգնում է նվազեցնել ցավը «սառեցված ուսի» համախտանիշի դեպքում, իսկ հոդի հետ մանիպուլյացիաները նարկոզի տակ կարող են բարելավել ձեռքի շարժունակությունը: Նման եզրակացությունների են հանգել The BMJ հանդեսում հրապարակված հետազոտությունների ակնարկի հեղինակները:

«Սառեցված ուսը», կամ ադգեզիվ կապսուլիտը, հիվանդություն է, որի ժամանակ ուսային հոդի շուրջ գտնվող շարակցական հյուսվածքը հաստանում է, դառնում կոշտ և բորբոքվում։ Դա ցավ է առաջացնում և սահմանափակում շարժումները: Ամենից հաճախ վիճակը հանդիպում է 40–60 տարեկան մարդկանց մոտ, ընդ որում՝ կանայք դրանով ավելի հաճախ են տառապում, քան տղամարդիկ:

Հետազոտողները վերլուծել են 189 պատահականացված վերահսկվող փորձարկումներ՝ գրեթե 13 հազար չափահաս բուժառուների մասնակցությամբ։ Նրանք համեմատել են բուժման տարբեր մեթոդների արդյունավետությունը, ներառյալ հարվածային ալիքային թերապիան, դեղամիջոցները, ստերոիդային ներարկումները և վիրահատական միջամտությունները:

Չափավոր հավաստի տվյալները ցույց են տվել, որ հարվածային ալիքային թերապիան, որի ժամանակ հյուսվածքների վրա ազդում են ակուստիկ ալիքներով, ըստ ամենայնի, նվազեցնում է ցավը կարճաժամկետ հեռանկարում:

Մյուս եղանակը՝ նարկոզի տակ ուսային հոդի հետ մանիպուլյացիաները, հավանաբար, օգնում է մեծացնել շարժումների ամպլիտուդը: Ստերոիդի ներարկման հետ համատեղ այն բարելավում էր ձեռքը դեպի առջև և վեր բարձրացնելու կարողությունը մոտ 33 աստիճանով՝ սովորական բուժման համեմատ։

Առանց ներարկման բարելավումը կազմում էր մոտ 26 աստիճան:

Ընդ որում, մյուս եղանակների մեծ մասի արդյունավետությունը դեռևս հստակ չէ: Գիտնականները նշում են նաև, որ առկա տվյալները բավարար չեն երկարաժամկետ արդյունքների և ապաքինման համեմատական անվտանգության հուսալի գնահատման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում