Գիտնականները պարզել են, որ իմունային բջիջները պահպանում են արյան որոշ քրոնիկական հիվանդությունների դեմ պայքարելու ունակությունը, սակայն դրանց ակտիվությունը ճնշվում է որոշակի մոլեկուլյար ազդանշանով, հաղորդել է News Medical Life Sciences-ը։
Այս ազդանշանի արգելափակումը նպաստել է իմունային պատասխանի ուժեղացմանը լաբորատոր փորձարկումներում և ցույց է տվել հուսադրող արդյունքներ հիվանդության փորձարարական մոդելում։
Այս հայտնագործությունը կարող է հիմք հանդիսանալ որոշակի գենետիկական մուտացիաներ ունեցող պացիենտների բուժման նոր մեթոդների մշակման համար։
Կրեմսի (Ավստրիա) Կառլ Լանդշտայների համալսարանի գլխավորած միջազգային թիմի հետազոտությունը կենտրոնացել է միելոպրոլիֆերատիվ նորագոյացությունների ՝ արյան քրոնիկական հիվանդությունների վրա, որոնց դեպքում ոսկրածուծն արտադրում է բջիջների ավելցուկ։ Սրանք կարող են հանգեցնել արյան մակարդուկների, ոսկրածուծի սպիացման և սուր միելոիդ լեյկոզի առաջացման։
Գիտնականները համեմատել են բնական մարդասպան բջիջների՝ անոմալ և չարորակ բջիջները ոչնչացնող իմունային բջիջների ակտիվությունը CALR և JAK2 գեների մուտացիաներ ունեցող պացիենտների մոտ։ CALR մուտացիա ունեցող պացիենտների մոտ այս բջիջները պահպանել են անոմալ բջիջները ոչնչացնելուն անհրաժեշտ նյութեր արտադրելու ունակությունը։ Սակայն դրանց մակերեսին հայտնաբերվել է TIGIT ռեցեպտորի բարձր մակարդակ, որը ճնշում է իմունային պատասխանը։ Միաժամանակ, այս պացիենտների մոտ հայտնաբերվել է CD112 մոլեկուլի բարձր մակարդակ, որը կարող է ակտիվացնել այս ռեցեպտորը։
Երբ հետազոտողները հակամարմիններով արգելափակել են TIGIT-ը, բնական մարդասպան բջիջները լաբորատորիայում ավելի արդյունավետ են դարձել անոմալ բջիջները ոչնչացնելու հարցում: Հիվանդության փորձարարական մոդելում բուժումը նաև ցույց է տվել արյան մեջ թրոմբոցիտների բարձր քանակը նվազեցնելու միտում:
Հեղինակների կարծիքով՝ TIGIT-ի արգելափակումը կարող է դառնալ լրացուցիչ բուժման տարբերակ միելոպրոլիֆերատիվ նորագոյացություններ և CALR մուտացիաներ ունեցող պացիենտների համար: Ի տարբերություն մուտացված բջիջներն ուղղակիորեն թիրախավորող մեթոդների՝ այս մոտեցումը նախատեսված է օգնելու օրգանիզմի սեփական իմունային համակարգին՝ ավելի արդյունավետորեն վերահսկել հիվանդությունը:
Արդյունքները դեռևս նախնական են. մեթոդի արդյունավետությունն ու անվտանգությունը պետք է ուսումնասիրվեն հետագա հետազոտություններում՝ մարդկանց բուժման համար նրա հեռանկարները գանահատելուց առաջ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում