✕

Գիտնականները գտել են որոշ պացիենտների հիպերտոնիայի հորմոնալ պատճառից երկար ժամանակով ազատելու միջոց

8 նոյեմբերի, 2026  20:45

Բուժման նոր մեթոդը կարող է թույլ տալ զարկերակային բարձր ճնշում ունեցող որոշ մարդկանց հրաժարվել ամբողջ կյանքում դեղերի ընդունումից: Լոնդոնի Մերի թագուհու համալսարանի մասնագետների ղեկավարությամբ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ ալդոստերոն հորմոնի արտադրությունը ճնշող դեղամիջոցների կուրսը կարող է ապահովել երկարատև ռեմիսիա նույնիսկ բուժման ավարտից հետո: Արդյունքները հրապարակվել են «New England Journal of Medicine» ամսագրում:

Հետազոտողները հետևել են ԱՄՆ ութ բժշկական կենտրոնների 14 պացիենտի վիճակին: Նրանք բոլորը վեցից տասներկու ամիս ստացել են նոր դասի դեղամիջոցներ: Բուժումն ուղղված է եղել ալդոստերոնի ավելցուկային արտադրության ճնշմանը. սա մի հորմոն է, որը ստիպում է երիկամներին պահել նատրիումը և այդպիսով նպաստում է ճնշման բարձրացմանը:

Ալդոստերոնի ավելցուկը կարող է առաջնային ալդոստերոնիզմի պատճառ դառնալ՝ հիվանդություն, որին, ըստ գնահատականների, բաժին է ընկնում հիպերտոնիայի դեպքերի 5–10%-ը: Այն հաճախ կապված է մակերիկամներում բարորակ հանգույցների հետ: Մինչ այժմ որոշ դեպքերում հորմոնալ խանգարման աղբյուրը վերացնելու արմատական եղանակ էր համարվում ամբողջ մակերիկամի վիրահատական հեռացումը:

Դեղորայքային բուժման ավարտից հետո մինչև երկու տարի տևած դիտարկման ընթացքում ալդոստերոնի ավելցուկային արտադրության հիմնական ցուցանիշը մնացել է ելակետային մակարդակից 99%-ով ցածր: Միջին զարկերակային ճնշումը նվազել է 25 կետով, իսկ մասնակիցների գրեթե մեկ քառորդի մոտ այն կարգավորվել է առանց այլ դեղամիջոցների ընդունման:

Ի տարբերություն հիպերտոնիայի դեմ սովորական միջոցների, որոնք պարզապես վերահսկում են ճնշումը, նոր մոտեցումը կարող է ազդել բուն հիվանդության մեխանիզմի վրա: Այնուամենայնիվ, հետազոտությունը փոքրածավալ էր, ուստի դեռևս չի կարելի պնդել, որ այս բուժումը կայուն ապաքինում է ապահովում հիպերտոնիայով պացիենտների մեծ մասի համար:

Հետազոտության ղեկավար, էնդոկրին հիպերտենզիայի պրոֆեսոր Մորիս Բրաունը արդյունքներն անվանել է հուսադրող՝ ընդգծելով եզրակացությունների զգուշավոր գնահատման անհրաժեշտությունը: Այժմ գիտնականներն անցկացնում են առավել լայնածավալ «ELIXIR» հետազոտությունը՝ պարզելու համար, թե արդյոք դեղերի սահմանափակ ժամանակով կուրսն իսկապես ի վիճակի է երկար ժամանակով վերացնել բարձր ճնշման հորմոնալ պատճառը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում