Առավոտյան անկողինը հավաքելը կարող է օգտակար լինել նախևառաջ կայուն սովորություն ձևավորելու տեսանկյունից․ ժամանակի ընթացքում այդ գործողությունն ավելի քիչ գիտակցական ջանք է պահանջում։ Սակայն գիտական տվյալները դեռևս չեն հաստատում, որ այն բարելավում է հիշողությունը, զարգացնում ինքնատիրապետումը կամ նվազեցնում սթրեսը։ Ինչպես գրում է News Medical Life Sciences-ը, սովորությունների և վարքագծի վրա միջավայրի ազդեցության վերաբերյալ հետազոտությունները բացատրում են, թե ինչու կարող է առավոտյան կանոնակարգված առօրյան հարմար լինել։ Դրա օգտակարությունը, սակայն, կախված է կոնկրետ մարդուց ու իրավիճակից։
Սովորությունները ձևավորվում են, երբ կրկնվող գործողությունը կապվում է որոշակի ազդակի կամ հանգամանքի հետ։ Օրինակ՝ մարդը կարող է սովորել անկողինը հավաքել արթնանալուց անմիջապես հետո։ Ժամանակի ընթացքում գործողությունների ծանոթ հաջորդականությունը կարող է գործարկվել գրեթե ինքնաբերաբար՝ առանց ամեն անգամ առանձին որոշում կայացնելու անհրաժեշտության։
Սակայն գործողության ինքնաբերաբար կատարումը դեռ չի նշանակում, որ բարելավվել են ուղեղի գործադիր գործառույթները, օրինակ՝ օպերատիվ հիշողությունը, ազդակները վերահսկելու կամ մի առաջադրանքից մյուսին անցնելու ունակությունը։ Սովորությունների ձևավորման գործում դոֆամինի մասնակցությունը նույնպես չի ապացուցում, որ անկողինը հավաքելը բարձրացնում է այդ նյարդամիջնորդանյութի մակարդակը կամ օգնում օրվա ընթացքում ավելի հաջող որոշումներ կայացնել։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ շրջապատող միջավայրը կարող է ազդել ուշադրության և առանձին առաջադրանքների կատարման վրա։ Գիտափորձերից մեկում համեմատաբար ցածր ինքնատիրապետում ունեցող մասնակիցները կոկիկ սենյակում գտնվելուց հետո ավելի երկար են պահել շունչը, քան թափթփված տարածքում լինելուց հետո։ Ավելի բարձր ինքնատիրապետում ունեցողների շրջանում նկատելի տարբերություն չի գրանցվել։ Մեկ այլ փորձի շրջանակում բարձր ինքնատիրապետմամբ մասնակիցներն ավելի լավ են կատարել ստեղծագործական մտածողություն պահանջող առաջադրանքը՝ թափթփված սենյակների լուսանկարներ դիտելուց հետո։
Այս արդյունքները վկայում են, որ կարգուկանոնի ազդեցությունը կախված է մարդու անհատական առանձնահատկություններից և առաջադրանքի բնույթից։
Նոր սովորություն ձևավորելու համար մասնագետները խորհուրդ են տալիս գործողությունը կապել առօրյա որևէ կայուն ազդակի հետ և կանոնավոր կրկնել նույն պայմաններում։
Առավոտյան առօրյան կարող է ներառել նաև այլ գործողություններ, օրինակ՝ ցերեկային լույսի տակ դուրս գալը։ Ի տարբերություն անկողինը հավաքելու ենթադրյալ օգուտների՝ լույսի ազդեցությունն ունի հստակ կենսաբանական հիմնավորում․ լույսի և մթության հերթագայությունն օգնում է համաժամեցնել քունն ու արթնությունը կարգավորող ցիրկադային ռիթմերը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում