✕

Գիտնականները քաղցկեղի դեմ մաստակ են ստեղծել

12 նոյեմբերի, 2026  12:50

Փորձարարական մաստակը գլխի և պարանոցի քաղցկեղով պացիենտների թքի նմուշներում կապակցել է մարդու պապիլոմավիրուսի մինչև 93%-ը։ Լրացուցիչ բաղադրիչը ճնշել է նաև բակտերիաների երկու տեսակ։ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։

Հեղինակներն ուսումնասիրել են բերանի խոռոչի միկրոօրգանիզմների վրա ազդելու ունակ սպիտակուցների տեղային ներմուծման մոտեցումը։ Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) հարատև վարակը կարող է քաղցկեղի որոշ տեսակներ առաջացնել, իսկ Porphyromonas gingivalis և Fusobacterium nucleatum բակտերիաների բարձր մակարդակը կապվում է գլխի և պարանոցի ուռուցքների անբարենպաստ ելքի հետ։

Հակավիրուսային տարբերակի հիմքում լաբլաբ տեսակի լոբուց ստացված և FRIL լեկտին պարունակող մաստակն է։ Այդ սպիտակուցը կապակցում է վիրուսային մասնիկներն ու միավորում դրանք կուտակումների մեջ։ Թքի և բերանի խոռոչի ողողման հեղուկի նմուշների լաբորատոր անալիզներում նման մշակումը կապակցել է հայտնաբերված վիրուսի համապատասխանաբար 93 և 80 տոկոսը։

Այնուհետև հետազոտողներն ավելացրել են պրոտեգրին-1 հակամանրէային պեպտիդը։ Ստացված խառնուրդով նմուշների միանվագ մշակումն ավելի քան 99%-ով նվազեցրել է երկու թիրախային բակտերիաների քանակը։ Ընդ որում՝ որոշ այլ բակտերիաներ, այդ թվում՝ ուսումնասիրված ստրեպտոկոկերը, պահպանվել են։ Դա վկայում է փորձարկված պայմաններում միջոցի ընտրողական ազդեցության մասին։

Հեղինակներն առաջարկում են կլինիկական փորձարկումներ կատարել և ստուգել այս մշակումը՝ որպես առկա մեթոդներին հնարավոր լրացում, ինչպես նաև որպես վարակների վերահսկման միջոց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում