Վահանաձեւ գեղձի քաղցկեղի վիրահատությա՞ն եք սպասում: Ամենայն հավանականությամբ՝ մի շարք հարցեք ունեք: Ստորեւ, էնդոկրին վիրաբույժ Ռոզեմարի Մեցգերի մեկնաբանմամբ, առավել հաճախ տրվող մի քանիսի պատասխաններն ենք ներկայացնում.
1. Վիրահատության քանի՞ եղանակ կա
Բուժման ստանդարտ միջոցը ողջ վահանաձեւ գեղձի վիրաբուժական հեռացումն է հանդիսանում: Այնպես որ վիրահատության ամենամեծ տարբերությունը ավշային հանգույցների հեռացմանը կարող է վերաբերել:
Որոշ դեպքերում, երբ կասկածներ կամ փաստեր կան՝ քաղցկեղի տարածման վերաբերյալ, գեղձի հետեւում եւ տակի հատվածում գտնվող ավշային հանգուցները եւս հեռացվում են: Առավել հազվադեպ են այն դեպքերը, երբ պարանոցի հատվածի ավշային հանգույցներն են հեռացվում:
2. Վիրահատությունից հետո ցավեր լինելո՞ւ են
Զարմանալիորեն, հիվանդների մեծ մասը նվազագույն ցավ են զգում՝ վահանաձեւ գեղձի քաղցկեղի վիրահատությունից հետո:
Պրոցեդուրայի ընթացքում տեղային ցավազրկող է ներարկվում՝ հետվիրահատական ցավը մեղմելու համար: Այնուհետեւ էլ Tylenol®-ը կամ իբուպրոֆենը կարող են բավարար ազդեցություն ապահովել: Հիվանդների մեծ մասի պարագայում ցավի զգացումը շնչառական խողովակի պատճառած անհարմարությամբ է պահմանավորվում: Պարանոցի ուժգին ցավ, սակայն, մեծ ի մասամբ ի հայտ չի գալիս: Թեեւ որոշ դեպքերում հիվանդները կարող են պարանոցի հետին մասի ցավից կամ քարացածությունից բողոքել, ինչը վիրահատության ընթացքում պահպանված դիրքի արդյունքն է:
3. Որքա՞ն ժամանակ պետք է հիվանդանոցում մնամ
Հիվանդների մեծ մասը վիրահատությանը հաջորդող օրվա առավոտյան են դուրս գրվում:
4. Ե՞րբ կարող եմ աշխատանքի վերադառնալ
Թեեւ հարցի պատասխանը ընդհանուր առողջական վիճակից եւ աշխատանքի տիպից է կախված, հիվանդների մեծ մասին հաջողվում է վիրահատությունից 1-2 շաբաթ անց աշխատանքի վերադառնալ:
Հիվանդներին խորհուրդ է տրվում վիրահատությունից հետո առնվազն մեկ շաբաթ խուսափել ծանր իրեր բարձրացնելուց, ուստի ձեռքի աշխատանք կատարող մարդկանց պարագայում ապաքինումը կարող է մի փոքր ավելի երկար տեւել:
5. Ինչպիսի՞ սպի է վիրահատությունից մնալու
Վահանաձեւ գեղձի քաղցկեղի վիրահատության համար անհրաժեշտ կտրվածքի միջին երկարությունը 5 սմ է կազմում, թեեւ դա էլ գեղձի չափերից է կախված: Վիրաբույժները լավագույն ջանքն են գործադրում՝ հետվիրահատական սպիի անտեսանելիությունն ապահովելու համար: Բացի այդ էլ, մարդկանց մեծ մասի պարանոցին բնական ծալվածքներ կարելի է գտնել, որոնցից ամենահարմարն ընտրելու դեպքում սպին քողարկված տեսք կարող է ստանալ:
6. Հորմոնային փոխարինման թերապիայի կարիք լինելո՞ւ է
Վիրահատությունից հետո ստիպված եք լինելու ողջ կյանքի ընթացքում թիրեոիդ հորմոններ ընդունել: Այսինքն՝ դեղամիջոցը միայն գեղձից արտազոտվող հորմոնների քանակն է լրացնելու: Հիվանդների մեծ մասի պարագայում դրա հետ կապված խնդիրներ ի հայտ չեն գալիս, միայն թե հարկավոր է ճշգրիտ դեղաչափի հետեւել:
7. Վիրահատությունից հետո հավելյալ բուժման կարիք լինելո՞ւ է
Հիվանդներից շատերի մոտ վիրահատությունից հետո հավելյալ բուժման կարիք չի առաջանում: Որոշ դեպքերում, սակայն, ռադիոակտիվ յոդային թերապիայի անհրաժեշտություն կարող է լինել: Բուժման ընթացքում հիվանդը ռադիոկտիվ յոդի բաղադրությամբ պարկուճներ կամ հեղուկներ է ընդունում, որոնք արյան մեջ առկա թիերոիդ բջիջները ոչնչացնելու ներուժ ունեն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում