Ինչո՞ւ են տղամարդ ծխողներին ավելի շատ վտանգներ սպառնում

5 դեկտեմբերի, 2014  22:33

Հետազոտությամբ պարզվել է, որ տղամարդ ծխողների մոտ Y քրոմոսոմների կորստի վտանգը եռակի անգամ բարձր է: Հենց այդ պատճառով էլ նրանց մոտ անհամեմատ ավելի հաճախ է մահացու քաղցկեղ առաջանում:

Science ամսագրում նկարագրություն գտած հետազոտության հեղինակները՝ Շվեդիայում գործող Ուպսալայի համալսարանից, պարզել են, որ սեռի որոշման եւ սերմնահեղուկի արտադրության հարցում վճռորոշ դերակատարում ունեցող Y քրոմոսոմները առավել հաճախ ծխող տղամարդկանց արյան բջիջներից են անհետանում՝ ի համեմատություն նրանց, ովքեր երբեք չեն ծխել կամ հրաժարվել են վնասակար սովորությունից, հաղորդում է FoxNews-ը:

Քանի որ միայն տղամարդիկ Y քրոմոսոմներ ունեն, բացահայտումը հնարավոր պատասխան է ենթադրում հարցին, թե ինչու է ծխելը հատկապես տղամարդկանց մոտ քաղցկեղի առաջացման ռիսկի առավել նշանակալի գործոն հանդիսանում:

«Ռիսկի ամենատարածված ու ոչ անխուսափելի գործոններից մեկի՝ ծխելու սովորության եւ մարդու մոտ ամենատարածված մուտացիայի՝ Y քրոմոսոմի կորստի միջեւ կոռելյացիոն կապ է գործում: Սա մասնակիորեն բացատրում է այն հանգամանքը, թե ինչու են կանայք ընդհանրապես տղամարդկանցից երկար ապրում, եւ ինչու է ծխելը տղամարդկանց համար ավելի վնասակար», - նշել է գիտահետազոտական խմբի անդամ, պրոֆեսոր Յան Դումանսկին:

Բացի թոքերի քաղցկեղից, ինչը ծխելու սովորության արդյունքն է եւ հաճախ մահացության պատճառ է դառնում, ծխախոտի կիրառությունը ռիսկի մեծ գործոն է նաեւ մի շարք այլ՝ ոչ պակաս լուրջ հիվանդությունների համար: Այն շարունակում է աշխարհի համար առաջին կանխարգելելի «մեղավորը» մնալ՝ այնպիսի քրոնիկ խանգարումներով հրահրված մահվան դեպքերի, ինչպիսիք սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի եւ արյան բարձր ճնշման արդյունքում են ի հայտ գալիս: 

Համաճարակաբանական տվյալները ցույց են տալիս, որ թոքերի քաղցկեղից զատ՝ հիվանդության այլ տեսակների առաջացման հարցում եւս առավել խոցելի դիրքերում ծխող տղամարդիկ են, քան՝ կանայք:

Գիտահետազոտական խմբի անդամները ավելի քան 6 հազար տղամարդկանց վերագրվող բժշկական տվյալներ են ուսումնասիրել, ինչպես նաեւ նրանց տարիքի, ֆիզիկական ակտիվության, խոլեստերինի եւ ալկոհոլի սպառման մակարդակի, կրթական ցենզի, ինչպես նաեւ բազմաթիվ այլ՝ առողջությանն ու կենսակերպին վերաբերող տվյալներ հաշվի առել:

Վերլուծությամբ պարզվել է, որ Y քրոմոսոմների կորստի չափը ծխախոտի դոզայից է կախված: Այսինքն՝ որքան շատ են տղամարդիկ ծխում, այնքան շատ են դրանից կորցնում: Բարեբախտաբար, ծխելը թողած մարդկանց մի մասին հաջողվում է կորուստը վերականգնել:

«Այս բացահայտումը կարող է հիմնավոր փաստարկ դառնալ՝ ծխելը թողնելու համար», - համոզմունք է հայտնել հետազոտական խմբի մեկ այլ անդամ:

Գիտնականների համար դեռեւս պարզ չէ, թե ինչպես է արյան մեջ Y քրոմոսոմների կորուստը քաղցկեղի առաջացման հանգեցնում: Թեեւ հնարավոր է, որ դրանից զրկված իմունային բջիջներն առավել մեծ դժվարությամբ են քաղցկեղային բջիջների դեմ պայքարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում