STAP ցողունային բջիջների սկանդալային հետազոտության հեղինակը չի կարողացել դրանք վերստեղծել

19 դեկտեմբերի, 2014  11:53

Սաղմնային ցողունային STAP բջիջների մասին աղմուկ հանած հետազոտության հեղինակը չի կարողացել վերստեղծել այդ բջիջները հատուկ կազմակերպված փորձի ընթացքում:

STAP բջիջների գոյությունը փաստացի ապացուցել չի հաջողվել: Այս ստուգիչ փորձարկումն իրականացնելու հնարավորությունը ճապոնացի գիտնական Հարուկո Օբոկատեին տվել է RIKEN բնական գիտությունների պետական ինստիտուտը, սրտեղ էլ հենց նա իբր թե կատարել է իր նախկին հեղաշրջող բացահայտումը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

Բջիջների փոփոխության մեթոդի մասին երկու հոդված է հրապարակվել այս տարվա հունվարին բրիտանական հեղինակավոր Nature ամսագրում: Օբոկատեի գլխավորությամբ հետազոտության հեղինակները պնդել են, որ իրենք հայտնաբերել են անհրաժեշտ տեսակի հյուսվածքների կենդանի բջիջների ստեղծման համեմատաբար հեշտ միջոց:

Այս բացահայտումը երեսնամյա Օբոկատեին մեկ ժամում ճապոնական գիտության աստղ է դարձրել: Սակայն մի քանի շաբաթ անց նոր մեթոդի արդյունավետության վերաբերյալ կասկածներ են առաջացել:  Ուշադրություն են դարձրել հոդվածի գրաֆիկների եւ տեքստի անհամապատասխանությունների վրա: Բացի դրանից, մի քանի հետազոտողներ փորձել են կրկնել Օբոկատեի փորձարկումները, բայց չեն կարողացել նույն արդյունքներն ստանալ:

Աղմուկ հանած հոդվածի համահեղինակներից մեկը՝ բժշկական գիտությունների դոկտոր Յոսիկի Սասային օգոստոսի վերջում ինքնասպանություն է գործել։ Մահվան գրառման վերծանման համաձայն` RIKEN-ի 52-ամյա աշխատակցի ինքնասպանության պատճառը դարձել է տեղական եւ միջազգային լրատվամիջոցներում դեպքից բարձրացված աղմուկը:

STAP բջիջները սաղմնային ցողունային բջիջներ են: Փորձարկման ընթացքում հետազոտողներն արյան բջիջները կես ժամով տեղադրել են լիմոնաթթվի թույլ լուծույթի մեջ եւ զարմանքով հայտնաբերել, որ բջիջները ենթարկվել են վերակազմավորման եւ սկզբնական, երիտասարդ վիճակին անցնելու գործընթացին: Նոր տեխնիկան անվանվել է «բազմապոտենցիալ հատկությունների ձեռքբերման խթանում» (STAP):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում