Էլեկտրոնային ծխախոտներն անվտա՞նգ են հղիների համար

24 դեկտեմբերի, 2014  18:47

Առողջապահության ոլորտում աշխատող բոլոր փորձագետները հաստատում են, որ ծխելը միանշանակ վնասակար է թե´ հղի կնոջ, թե´ պտղի համար։ Սակայն վնասակա՞ր են արդյոք էլեկտրոնային ծխախոտները։ Ծխող հղիներին կարելի՞ է սովորական ծխախոտներից անցնել էլեկտրոնային տեսակներին։ Այս հարցը մեր օրերում շատերին է հուզում։

Գինեկոլոգ Ռեբեկա Սթարքը պդնում է, որ հղիության ընթացքում պետք է հրաժարվել բոլոր տեսակի, այդ թվում եւ էլեկտրոնային ծխախոտներից։

«Հղիության ընթացքում ծխելն անվտանգ չէ, իսկ ծխախոտն էլ պարունակում է թե´ մոր, թե´ պտղի համար վնասակար ուռուցքածին նյութեր»,-հայտնել է մասնագետը՝ նշելով, որ ծխախոտից անհրաժեշտ է հրաժարվել դեռ հղիությունից առաջ եւ ոչ թե ընթացքում։

Ինչ վերաբերում է էլեկտրոնային սիգարետներին, ոչ ոք չի կարող հաստատել, որ դրանք անվտանգ են հղի կնոջ եւ պտղի համար։ Գիտնականները կցանկանային հետազոտություններ իրականացնել եւ պարզել, թե հատկապես ինչպես են էլեկտրոնային ծխախոտներն ազդում հղիների վրա,  սակայն նրանց չի հաջողվել իրենց փորձարկման համար կամավորներ գտնել. ապագա ոչ մի մայր չի համաձայնել իր դեռ չծնված երեխային վտանգի ենթարկել։

Գոյություն ունեն նաեւ նիկոտին չպարունակող էլեկտրոնային սիգարետներ։ Բժիշկ Սթարքի կարծիքով այդ տեսակները կարելի է օգտագործել միայն ծխելը թողնելու դեպքում. դրանք կօգնեն։ Սակայն ամբողջ ժամանակ դրանք ծխելը խորհուրդ չի տրվում, քանի որ դրանց անվտանգ լինելը նույնպես հնարավոր չէ ապացուցել։ Բացի դրանից, բժիշկը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ ծխելը թողնելու մասին պետք է մտածել դեռ հղիության պլանավորումից առաջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում