Մարզասրահ հաճախելու 6 ոգեւորող քայլ

11 հունվարի, 2015  21:46

Բոլորս էլ հաճախ ենք կրկնում «վաղվանից կսկսեմ մարզասրահ հաճախել»: Բայց երբ գալիս է վաղը, այս անգամ էլ բողոքում ենք, որ մարզասրահը բավականին հեռու է մեզնից: Ինչպես հաղորդում է medicaldaily.com-ը, եթե Ձեր աշխատանքային ժամերը երկար են, եւ այդ ընթացքում Ձեր էներգիան պահպանելու համար սուրճ եւ զանազան էներգետիկ ըմպելիքներ եք օգտագործում, ապա իսկապես ժամանակն է վազելու մարզասրահ: Ահա մարզասրահ հաճախելու 6 մոտիվացիոն խորհուրդ:

1. Պլանավորեք Ձեր սննդակարգը

Եթե աշխատանքից հետո անմիջապես սուրալու եք մարզասրահ, մի քանի ժամ շուտ կերեք, որպեսզի Ձեր ստամոքսը ո´չ դատարկ լինի, ո´չ էլ՝ լիքը:

Օգտագործեք սպիտակուցներով եւ ածխաջրերով հարուստ սննդամթերքներ (կանաչ բանջարեղեններ, վարսակի ալյուր, ամբողջական ձավարեղեն կամ մակարոնեղեն): Այդպիսի սննդամթերքները մարզվելուց առաջ եւ ընթացքում Ձեզ էներգիա կհաղորդեն:

2. Նոր սպորտային հագուստ գնեք

Առաջին անգամ հաճախելով մարզասրահ՝ Դուք կնկատեք զանազան գույներով սպորտային հագուստ կրող մարդկանց: Ընտրեք այնպիսի գույներ, որոնք Ձեզ դուր են գալիս, օրինակ, միգուցե Ձեզ դուր գան նեոնային  կանաչ գույնի սպորտային կոշիկները կամ հագուստը: Իսկ էլ որտե՞ղ կարող եք գնալ սպորտային կոշիկներով, գունավոր գուլպաներով կամ բասկետբոլային շորտերով: Պարզ է, որ միայն մարզասրահ:

3. Ձեր սպորտային հագուստը Ձեզ հետ աշխատավայր բերեք

Եթե նոր սպորտային հագուստ ունեք, Ձեզ հետ բերեք աշխատավայր: Աշխատանքից հետո բոլորս էլ երազում ենք տուն գնալ եւ հարմարավետ զգալ: Բայց եկեք չմոռանանք մեր նպատակի մասին: Սպորտային հագուստը Ձեզ անընդհատ կհիշեցնի մարզասրահ հաճախելու մասին:

4. Ձեզ համար մարզընկեր գտեք

Ձեզ համար լավ հնարավորություն է ընձեռնվում, եթե Ձեր ընկերներից մեկն էլ է որոշել մարզվել, բայց այնքան էլ մոտիվացված չէ այդ հարցում: Նրա մոտիվացիայի պակասն այն է, ինչ հարկավոր է Ձեզ: Խոսեք Ձեր ընկերոջ հետ, օր պայմանավորվեք եւ միասին հաճախեք մարզասրահ: Դա շատ ավելի հետաքրքիր կլինի:

5. Հետեւեք Ձեր առաջընթացին

Նպատակներին հասնելու համար պետք է ավելի իրատեսական լինել. Ի՞նչ արդյունքի կարող ենք հասնել մարզասրահ հաճախելուց մեկ ամիս անց: Եթե մարզվելու ընթացքում հասնեք Ձեր առաջին նպատակին, դա ավելի կոգեւորի Ձեզ մարզասրահ հաճախելու հարցում:

6. Ինքներդ Ձեզ պարգեւատրեք դա անելու համար

Ոչ ոք չի պատրաստվում Ձեզ պարգեւատրել Ձեր կազմվածքի ֆիզիկական փոփոխությունների համար: Ուստի մի վախեցեք ինքներդ Ձեզ պարգեւատրելուց: Օրինակ՝ պիցցայով  պարգեւատրումը այնքան էլ խելամիտ չի լինի, եթե Դուք առողջ ապրելակերպ եք վարում: Համեղ շոկոլադե կաթը շատ ավելի լավ տարբերակ է: Ժամանակի ընթացքում փոքրիկ պարգեւատրումները Ձեր ուղեղին մոտիվացիա կհաղորդեն հաճույքով մարզասրահ այցելելու համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում