Ամերիկացի գիտնականները պարզել են լավատեսության բարձր մակարդակի եւ սրտանոթային առողջ համակարգի միջեւ կապը: Նրանք ներգրավել են աթերոսկլերոզի ազգային հետազոտության տվյալները: Հետազոտությանը 2000-2014 թթ. ժամանակահատվածում մասնակցել է 52-84 տարեկան 5134 մարդ:
Հետազոտությանը մասնակցող մարդկանցից 38%-ը սպիտակամորթ, 28%-ը սեւամորթ, 22%-ը լատինոամերիկյան ծագման, իսկ 12%-ն էլ Չինաստանից արտագաղթած բնակիչներ են եղել:
Գիտնականները գնահատել են յոթ ցուցիչ՝ զարկերակային ճնշումը, մարմնի զանգվածի ցուցիչը, արյան մեջ շաքարի եւ խոլեստերինի մակարդակը, դիետիկ հակումները, ֆիզիկական ակտիվության եւ ծխախոտի օգտագործման մակարդակները:
Այնուհետեւ մասնագետները հետեւել են մասնակիցների առողջական վիճակին եւ լավատեսության մակարդակին: Այդ առումով փորձագետները հաշվի են առել հետազոտվողների սոցիալ-ժողովրդագրական ցուցիչների եւ հոգեբանական առանձնահատկությունների հետ կապված վիճակագրական գործոնները:
Ինչպես նկատել են հետազոտողները, առողջ սիրտ եւ անոթներ ունենալուն նպաստում է լավատեսության բարձր մակարդակը: Ընդհանուր առմամբ, լավատեսները մոտավորապես երկու անգամ քիչ են ենթարկվում այդպիսի հիվանդությունների հետ կապված ռիսկին, քան հոռետեսները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում