Էբոլայով վարակվածների թիվը ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել

29 հունվարի, 2015  14:34

Էբոլա տենդով վարակվելու նոր գրանցված դեպքերի քանակը մինչեւ հունվարի 25-ը շաբաթվա կտրվածքով 99 դեպք է կազմել: Այս մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, փոխանցում է Reuters-ը:

Սա ռեկորդային ցածր ցուցիչ է համարվում 2014 թ. հունիսից, երբ շաբաթը գրանցվել է վիրուսով հիվանդանալու 100 դեպք:

 «Էբոլա հեմոռագիկ տենդի հանդեպ արձագանքը հաջորդ փուլ է անցել, ուշադրությունը տեղափոխվում է տենդի տարածման նվազեցումից դեպի համաճարակի ավարտը»,-ասված է կազմակերպության զեկույցում:

Էբոլա տենդը բռնկվել է Գվինեայում 2014 թ. մարտին: Նիգերիայում, Լիբերիայում եւ Սիերա Լեոնեում համաճարակի կապակցությամբ արտակարգ դրություն է հայտարարվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2014 թ. դեկտեմբերի տվյալներով տենդի զոհերի թիվը հասել է 8153  մարդու, իսկ վարակվածների թիվը գերազանցել է 20065-ը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում