62-ամյա բրիտանուհի Մարիոն Բրաունը մոտ 5 տարի առաջ ախտորոշվել է թոքերի քաղցկեղով: «Առիթից առիթ» ծխող Բրաունը դրանից հետո հրաժարվել է վնասակար այդ սովորույթից, սկսել է առողջ ապրելակերպ վարել եւ բոլորին խորհուրդ է տալիս հետեւել իր օրինակին ու ավելի զգոն լինել օրգանիզմի ազդանշանների հանդեպ:
Ամեն ինչ սկսվել էր 2010թ-ին, երբ Բրաունը նկատել էր, որ նույնիսկ կարճատեւ զբոսանքից հետո սկսում է հեւալ՝ ստիպված լինելով մի քանի քայլ անելուց հետո կանգ առնել եւ շունչ հավաքել: Սկզբում կինը մտածել է, որ պատճառն իր շնչառական հիվանդությունն է՝ ասթման, եւ ուշադրություն չի դարձրել հեւոցներին: Մի օր, սակայն, իր դստեր հորդորով այցելել է բժշկի, ինչն էլ, կարելի է ասել, որ փրկել է նրա կյանքը: Ռենտգենային հետազոտության ժամանակ Բրաունի թոքերի վրա ինչ-որ բիծ է նկատվել, իսկ լրացուցիչ բուժզննումը՝ բիոպսիան հաստատել է բժշկի կասկածները՝ թոքերի վրա 3,7 սմ տրամագծով ուռուցք է եղել:
«Ես պարզապես ցնցված էի: Հավատս չէր գալիս, քանի որ ես միշտ կարծել եմ, որ թոքերի քաղցկեղ ունենում են միայն շատ ծխող տարեց տղամարդիկ»,- DailyMaily-ի հետ զրույցում պատմել է կինը:
Բրաունը հավելել է, որ ինքը «առիթից առիթ» թույլ ծխախոտ է օգտագործել, բայց ոչ շատ՝ ընկերներից հետ չմնալու համար կամ նյարդային պահերին: Կնոջ խոսքով՝ օրական 10 հատից ավելի, ամեն դեպքում, երբեք չի ծխել, ուստի երբեք չի մտածել, որ ինքը կարող է թոքերի քաղցկեղ ունենալ: Բժիշկները, սակայն, պարզաբանել են, որ առիթից առիթ ծխելը եւս կարող է թոքերի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Ավելին՝ թույլ ծխախոտի դեպքում վտանգն ավելի է մեծանում, քանի որ թույլ ծխախոտ օգտագործողները որպես կանոն ավելի խոր են ներս քաշում ծուխը՝ կարծելով, որ ավելի անվտանգ ծխախոտ են օգտագործում, ինչը, սակայն, չի կարող չանդրադառնալ թոքերի վրա:
Մի քանի շաբաթ անց Բրաունին վիրահատել են, հեռացրեl են աջ թոքի վերեւի հատվածը, հետո քիմիաթերապիա է անցել: «Մարդիկ չեն հավատում, որ ես թոքերի քաղցկեղ եմ ունեցել: Բոլորy կարծում են, որ միայն շատ ծխող տարեցները կարող են այդ հիվանդությունն ունենալ: Նախկինում ես էլ էի այդպես մտածում, բայց դա այդպես չէ»,- նշել է Մարիոնը՝ խորհուրդ տալով առողջ ապրելակերպ վարել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day