Երկու արգանդ եւ երկու հեշտոց ունեցող բրիտանացի կինը շաբաթներ առաջ մայր է դարձել. 35-ամյա Լեոնա Դոհերթին հղինալու 14-ամյա փորձերից եւ 4 վիժումից հետո որդի է լույս աշխարհ բերել: Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Լեոնայի համար հղիանալը դժվար էր, քանի որ նրա արգանդներից յուրաքանչյուրը երկուսի փոխարեն ուներ ընդամենը մեկ արգանդափող եւ մեկ ձվարարան, ինչը բավական դժվարեցնում է բեղմնավորման գործընթացը:
«14տարի շարունակ մենք փորձում էինք երեխա ունենալ եւ երբեք հույսը չենք կորցրել: Մենք շատ դժվարությունների միջով ենք անցել նրան լույս աշխարհ բերելու համար: Նա մեր հրաշքն է»,-պատմել է կինը:
Մասնագետների խոսքով՝ աշխարհում երկու արգանդ ունենում է 5 միլիոն կանանցից ընդամենը 1-ը: Դեռ մոր արգանդում իգական սեռի սաղմերն ունենում են երկու ոչ մեծ խողովակներ՝ արգանդափողեր, որոնք հետո միավորվում եւ արգանդ են ձեւավորում: Սակայն երբեմն այդ խողողվակները չեն միավորվում, եւ նրանցից յուրաքանչյուրը վերածվում է առանձին արգանդի: Նման արգանդներ ունեցող կանանց համար դժվար է լինում հղիանալն ու ծննդաբերելը նաեւ այն պատճառով, որ արգանդի չափը սովորականից փոքր է լինում:
Լեոնան երկու արգանդից բացի ուներ նաեւ երկու հեշտոց, ինչը, ճիշտ է, սեռական ակտի համար խոչընդոտ չի հանդիսանում, բայց կարող է դժվարացնել ծննդաբերությունը, ուստի բժիշկները, հնարավոր բարդություններից խուսափելու համար, կնոջը խորհուրդ են տվել կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ բերել երեխային:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում