Հայաստանում ներդրվում է ատամնաբույժ-հիգիենիստի մասանագիտությունը

9 փետրվարի, 2015  22:28

Ատամնաբույժ-հիգիենիստը ատամնաբուժության ոլորտի մասնագետ է, որը զբաղվում է բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելմամբ եւ բուժմամբ: Հայաստանի գլխավոր ատամնաբույժ Լազար Եսայանի խոսքով՝ այս մասնագիտությունը համեմատաբար նոր, բայց շատ կարեւոր ուղղություն է ատամնաբուժության ոլորտում,  քանի որ հենց այդ մասնագետներն են օգնում կանխելու ատամների հյուսվածքների ախտաբանությունը եւ լնդերի մի շարք բորբոքային հիվանդություններ:

Նա հավելեց, որ այժմ այդ մասնագիտությունը ներդրվում է նաեւ Հայաստանում, եւ ԵՊԲՀ-ի Ընտանեկան բժշկության ամբիոնի կլինիկական օրդինատորները սեպտեբերի 1-ից ուսումնասիրում են այն՝  հաճախելով Բոսթոնից ժամանած մեր հայրենակցուհի Կարինե Մաթեւոսյանի դասախոսություններին:  Նա Հայաստան է ժամանել երկու տարվա ծրագրով:

Եսայանը նշեց նաեւ, որ «Երեւան-Քեմբրիջ քույր քաղաքների ասոցիացիա» եւ «Ատամնաբուժական գիտելիք եւ կրթություն» կազմակերպությունների ջանքերով գումար է հավաքվել՝ ապագա հիգիենիստներին անհրաժեշտ բազմաթիվ գործիքներ, նյութեր գնելու համար, ինչը նպաստելու է Հայաստանում ատամնաբույժ-հիգիենիստի մասնագիտության զարգացմանը:

Ատամնաբույժ-հիգիենիստի հիմնական խնդիրն է սովորեցնել մարդուն ճիշտ խնամել ատամներն ու բերանի խոռոչը, քանի որ դա կօգնի կանխել  բազմաթիվ հիվանդություններ:  Ընդունելության ժամանակ նրանք մանրազնին ոսումնասիրելու-գնահատելու են այցելուի բերանի խոռոչի վիճակը եւ յուրաքանչյուրի համար առաջարկելու են խնամքի առանձին միջոցներ՝ հաշվի առնելով նրանց տարիքը, կենսակերպը, դիետան եւ այլն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում