✕

Բժիշկները հիվանդներին սեքս եւ պարե՞ր են «նշանակելու»

15 փետրվարի, 2015  23:40

Մեծ Բրիտանիայում ընտանեկան բժիշկներն ու թերապեւտները կսկսեն իրենց այցելուներին ավելի ակտիվ սեռական կյանք եւ պարեր «նշանակել»՝ որպես առողջության համար անհրաժեշտ ֆիզիկական ակտիվություն:

Մեծ Բրիտանիայի թագավորական բժշկական քոլեջների ակադեմիայի փոխանցմամբ, շատերը թերագնահատում են մարդու կյանքում ֆիզիկական ակտիվության դերը եւ չեն հասկանում, որ վարժությունները որոշ դեպքերում կարող են հաբերից ավելի օգտակար լինել՝ զգալիորեն նվազեցնելով մի շարք հիվանդությունների առաջացման վտանգը:

Բրիտանական 220 հազար բժիշկների ներկայացնող քոլեջի տվյալներով, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը 25%-ով նվազեցնում է կրծքի քաղցկեղի, 30%-ով՝ մտագարության, 40%-ով՝ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման եւ 50%-ով՝ ազդրի կոտրվածքների վտանգը:

Սակայն խնդիրն այն է, որ մարդկանց մեծ մասը նստակյաց կենսակերպ է վարում եւ օրական նույնիսկ 30 րոպե չի հատկացնում մարզանքին, ինչը նրանց ավելի պակաս առողջ է դարձնում՝ բարձրացնելով մահացության մակարդակը:

Պրոֆեսոր Դեյմ Սյու Բեյլիի խոսքով, ֆիզիկական վարժությունները հրաշագործ միջոց են, ինչի մասին մոռանում են ինչպես բժիշկները, այնպես էլ հիվանդները:

Ըստ The Daily Mail-ի, Մեծ Բրիտանիայի բժիշկները ճարպակալում ունեցող այցելուներին ֆիզիկական վարժություններ արդեն «նշանակում են», սակայն հիմա ֆիզիկական ակտիվություն են նշանակելու առանց բացառության բոլոր այցելուներին: Ընդ որում, դա ներառելու է նաեւ ակտիվ սեռական կյանքը, ընկերների կամ շան հետ զբոսանքը, վերելակից հրաժարվելը:

Հարկ է նկատել, որ հիվանդների կազմակերպությունների որոշ անդամներ դեմ են, որպեսզի բժիշկներն ու թերապեւտները «ներխուժեն» իրենց սեռական կյանք եւ որեւէ խորհուրդ տան:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում