Ծխելն շատ ավելի վնասակար է, քան կարծում էին նախկինում, քանի որ առաջացնում է շատ ավելի մեծ թվով ծանր հիվանդություններ, պնդում են ամերիկացի գիտնականները: Նրանց ուսումնասիրությունները ներկայացված են The New England Journal of Medicine ամսագրում:
Ներկայումս գիտնականները ծխելու հետ են կապում 21 հիվանդության առաջացումը, որոնց թվին են դասվում շաքարախտը, քաղցկեղի 12 եւ սրտանոթային հիվանդությունների 6 տեսակ: Հնարավոր է, որ նոր ուսումնասիրությունների արդյունքում այս ցանկը կընդլայնվի, հայտնում է Reuters –ը: Գիտնականների վերլուծությունն ընդգրկում է մինչեւ 55 տարեկան ավելի քան 421 հազար տղամարդու եւ 532 հազար կանանց տվյալները: Ուսումնասիրությունը տեւել է 2000 թվականից մինչեւ 2011 թվականը:
Այս ընթացքում արձանագրվել է 181,3 հազար մահվան դեպք, որից 16,4 հազարը՝ ծխողների շրջանում: Բժիշկները պնդում են, որ ծխողների շրջանում մահացության ցուցանիշի 17 տոկոսը այնպիսի հիվանդությունների արդյունք է, որոնք ժամանակակից գիտության կողմից չեն համարվում ծխելու հետեւանք:
Պարզվել է, որ ծխելու արդյունքում երկու անգամ աճում է երիկամային անբավարարությունից եւ շնչուղիների տարբեր հիվանդություններից մահանալու հավանականությունը: Վեց անգամ է աճում աղեստամոքսային համակարգի իշեմիայից մահանալու հավանականությունը: Ինֆեկցիոն հիվանդություններից մահանալու հավանականությունն էլ իր հերթին աճում է 2,3 անգամ, լյարդի ցիրոզից մահանալունը՝ 3.1 անգամ:
Գիտնականները նշում են նաեւ, որ ծխող կանանց մոտ 30 տոկոսով ավելի շատ է ախտորոշվում կրծքի քաղցկեղը: Ծխող տղամարդկանց մոտ էլ 40 տոկոսով ավելի հաճախ է հանդիպում շագանակագեղձի չարորակ ոռուցքը:
Ինչպես նշում են ԱՄՆ ուռուցքաբանական միությունում, «սարսափազդու» թվերն այսքանով չեն սահմանափակվում: Գիտնականները պատրաստվում են հավելյալ ուսումնասիրություններ իրականացնել՝ բոլոր հնարավոր վտանգները պարզելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում