Պետք չէ շփոթել գրիպն ու մրսածությունը

19 փետրվարի, 2015  15:32

Շատերը սխալմամբ գրիպն անվանում են մրսածություն եւ հակառակը: Սակայն շփոթել այս երկու հիվանդությունները պետք չէ: Այս տեսակետն է հայտնել NEWS.am Medicine-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Գրիպի առաջացման պատճառը գրիպի վիրուսն է, որը, հայտնվելով մարդու օրգանիզմում, բազմանում է և նպաստում հիվանդության ախտանիշների դրսեւորմանը: Գոյություն ունի գրիպի վիրուսի մի քանի տեսակ եւ ենթատեսակ: Դրանցից ոմանք փոխանցվում են մարդուց մարդուն, ոմանք էլ՝ կենդանիներից մարդուն:

Ի տարբերություն գրիպի՝ մրսածությունը ի հայտ է գալիս հիմնականում մրսելու կամ այլ, գրիպի վիրուսից տարբերվող վիրուսների պատճառով:

Լիանա Թորոսյանը նշեց նաեւ, որ մրսածությամբ պայմանավորած հիվանդությունները կարելի տանել «ոտքի վրա», իսկ գրիպը, բարձրացնելով մարդու ջերմությունը եւ վատթարացնելով նրա ինքնազգացողությունը, գրեթե միշտ անկողնային ռեժիմ է պահանջում: Սխալ բուժման դեպքում գրիպը կարող է շատ վտանգավոր լինել: Ամեն տարի Հայաստանում մահվան ելքով գրիպի մի քանի դեպք է գրանցվում: Իսկ աշխարհում գրիպից ամեն տարի մահանում է 250 000-500 000, ընդ որում՝ 28 000-111 500 մինչեւ հինգ տարեկան երեխաներ: Բացի այդ, առանց լաբորատոր ստուգման հնարավոր չէ պնդել, որ մարդը հենց գրիպով է հիվանդ, նշում է մասնագետը: Միայն լաբորատոր հետազոտությունը կարող է պարզել, առկա է արդյոք հիվանդի օրգանիզմում գրիպի վիրուսը, որոշել դրա տեսակն ու ենթատեսակը:

Այս տարի, օրինակ, Հայաստանում գրանցվում են հիմնականում գրիպի վիրուսի A, H3 եւ B ենթատեսակը, ինչպես նաեւ այլ պատոգեններ (ադենովիրուսներ, շնչառական սինցիտիալ վիրուսներ, ռինովիրուսներ եւ այլն), որոնք էլ հիմնականում «մրսածության» պատճառ են դառնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում