Թլպատված տղամարդիկ կարող են վերադարձնե՞լ իրենց թլիփը

23 փետրվարի, 2015  10:45

Foregen ամերիկյան կազմակերպությունը մի մեթոդ է մշակում, որը մանկահասակ տարիքում թլպատված տղամարդկանց հնարավորություն կընձեռի կրկին «աճեցնել» իրենց թլիփը: Այս պրոցեդուրան, կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, կուրախացնի վաղ տարիքում թլպատված շատ տղամարդկանց:

Թլպատումը այսօր վեճի առարկա է դարձել բժիշկների շրջանում: Մի մասը պնդում է, որ այն օգտակար է առողջության համար, քանի որ օգնում է մի շարք հիվանդություններ կանխարգելել: Ոմանք էլ այն կարծիքին են, որ հոգեբանական եւ ֆիզիկական վնասվածքից զատ՝ թլպատումը որեւէ այլ բան ապահովել չի կարող:

Իսկ իրենք թլպատված տղամարդիկ նշում են, որ, զրկված լինելով թլիփից, կորցրել են զգայունակությունը եւ սեռական ակտից չեն կարող նույնքան հաճույք ստանալ, որքան իրենց ոչ թլպատված ընկերները:

Foregen-ը ոչ առեւտրային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը թլպատված տղամարդկանց համար նախատեսված բուժման ռեգեներատիվ մեթոդների մշակումն ու ներդրումն է: Կազմակերպության մասնագետների խոսքով՝ շատ շուտով տղամարդիկ իսկապես հնարավորություն կունենան «աճեցնել» իրենց թլիփը: Ընդ որում՝ այս նոր հյուսվածքները բնական հյուսվածքներից ոչնչով չեն տարբերվի՝ օգնելով թլպատված տղամարդկանց վերադարձնել կորցրած զգայունակությունը:

Մասնագետների խոսքով՝ մարդու սաղմը ռեգեներատիվ հատկություններ ունի, քանի դեռ այն զարգանում է մոր որովայնում: Եթե սաղմը որեւէ մի պատճառով կորցնում է, օրինակ, մատը,  այն կրկին սկսում է աճել: Ընդ որում՝ վերաձեւավորումից հետո սպի չի մնում: Ինչու է մարդը լույս աշխարհ գալուց հետո կորցնում այդ հատկությունը, հայտնի չէ:  Տեսություններից մեկի համաձայն՝ էվոլյուցիայի ընթացքում արյունահոսությունը կասեցնող սպիացումը, հավանաբար, ավելի կարեւոր էր, քան ռեգեներացիան, ինչի պատճառով էլ վերջին այս հատկությունն իր տեղը զիջել է սպիացման գործընթացին:

Գիտությունն արդեն գտել է սպիացումը կանխող եւ մարմնի ռեգեներացիան վերականգնող մի քանի մեթոդ: Սակայն անցկացված գիտափորձերն առայժմ ներառել են միայն կենդանիներին:

Իսկ ինչ վերաբերվում է թլպատմանը, կազմակերպության մասնագետները նշում են, որ արդեն ընդհուպ մոտեցել են թլիփը «աճեցնող» մեթոդների ստեղծմանը: Դեռեւս, սակայն, հայտնի չէ, ինչպես պետք է ձեւավորվեն վերստեղծված թլիփի պերիֆերիկ նյարդերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում