Երեւանի պոլիկլինիկաներ. առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները

3 մարտի, 2015  18:39

Երեւանի պոլիկլինիկաներում կան մի շարք խնդիրներ, որոնք ուշադրություն եւ լուծում են պահանջում: Ամենաարդիական խնդիրներից մեկը պոլիկլինիկայի շենքերի խնդիրն է: Դրանցից շատերն անչափ հին են ու վերանորոգման կարիք ունեն:

Պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցերին՝ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը նշեց, որ քաղաքապետարանը տեղյակ է առկա խնդիրների մասին եւ փորձում է հնարավորինս լուծել դրանք: Նրա խոսքով՝ պոլիկլինիկաների շենքերն իսկապես վերանորոգման կարիք ունեն, եւ վերջին տարիներին նմանատիպ աշխատանք տարվում է: Մասնավորապես, 2014 թվականին երեք պոլիկլինիկաներում ջեռուցման համակարգ է տեղադրվել, մեկում փոխել են պատուհաններն ու դռները: 2013 թվականին նմանատիպ աշխատանքներ են տարվել նաեւ քաղաքի մանկական երկու պոլիկլինիկայում:

«Այս տարի եւս այս աշխատանքների համար միջոցներ են հատկացվել, դրանք աստիճանաբար կատարվում են: Բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվի, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի», - նշեց Կամսար Բաբինյանը:

Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ վերջին երկու-երեք տարվա ընթացքում պոլիկլինիկաներից շատերը նոր սարքավորումներ են ստացել:

«Մենք ցանկանում ենք բարձրացնել քաղաքացիների վստահության մակարդակը պոլիկլինիկաների նկատմամբ», - նշում է Կամսար Բաբինյանը՝ ընդգծելով, որ ցանկություն կա նաեւ ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլոր հետազոտություններն իրականացվեն նորագույն սարքավորումների միջոցով:

Մասնավորապես, Կ. Բաբինյանի խոսքով, 2014 թվականին երկու պոլիկլինիկա արդեն ստացել է ժամանակակից ռենտգեն սարքավորումներ, ինչպես նաեւ ՈւՁՀ սարքավորումներ եւ լաբորատոր հետազոտությունների համար անհրաժեշտ այլ գործիքներ:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում