Խոզի գրիպը հաստատվել է Հյուսիսային Օսիայում մահացած 13 հիվանդներից երեքի մոտ

3 մարտի, 2015  20:46

Լաբորատոր հետազոտությունները հաստատել են խոզի գրիպը Հյուսիսային Օսիայում գրիպից եւ պնեվմոնիայից մահացած 13 հիվանդներից երեքի մոտ: Այս մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարար Վլադիմիր Սելիվանովը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ համաճարակի ընթացքում արձանագրվել է ավելի քան 8 հազար հիվանդ՝ հիմնականում չափահասներ: Արձանագրվել է նաեւ պնեվմոնիայի 400 դեպք: Այսօր հանրապետության հիվանդանոցներում շարունակում են մնալ պնեվմոնիայով տառապող 154 հիվանդ (126-ը՝ չափահաս): «Վլադիկավկազում համաճարակ այլեւս չկա, սակայն հանրապետությունում թույլատրելի շեմը գերազանցվել է 25 տոկոսով», - հավելել է Սելիվանովը:

Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հանձնարարել էր ստուգել Հյուսիսային Օսիայում տրամադրվող բուժօգնության որակը այն բանից հետո, երբ հայտնի դարձավ տասից ավելի մահացածների մասին: ՌԴ ու Հյուսիսային Օսիայի ԱՆ տվյալները չեն համընկնում: Եթե դաշնային նախարարությունը հայտարարում է 16 մահացածների մասին, ապա տեղական մակարդակով խոսում են մահվան ելքով 13 դեպքի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Փետրվարին բժիշկները Ստավրոպոլում մահացած մարդու մոտ հաստատել էին խոզի գրիպը: ԱՀԿ 2014 թվականի սեպտեմբերի տվյալներով՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է մահվան ելքով խոզի գրիպի (H1N1) 18 500 դեպք: 200-ից ավելի երկրներում վարակումներ են արձանագրվել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում