Հնդկաստանում տարվա սկզբից խոզի գրիպից մահացել է ավելի քան 1150 մարդ

4 մարտի, 2015  20:30

Ընթացիկ տարվա սկզբից Հնդկաստանում խոզի գրիպից «մահացել է 1158 մարդ»: Այս մասին չորեքշաբթի հայտնել են ТАСС թղթակցին Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունում:

Նախարարության տվյալներով՝ «տարբեր նահանգների եւս 22 հազարից ավելի բնակիչ վարակված են H1N1 վիրուսով»: Ամեն տարի վիրուսը Հնդկաստանի մոտավորպես 50 բնակչի կյանք է խլում: Մարտի 2-ի դրությամբ ստացված տվյալներով՝ մահվան ելքով դեպքեր են արձանագրվել երկրի 28 նահանգներից 24-ում: Լարված է իրավիճակը երկրի արեւմուտքում եւ հյուսիս-արեւմուտքում՝ Գուջարատ եւ Ռաջախստան նահանգներում, որտեղ տարվա սկզբից մահացել է 283 եւ 277 մարդ համապատասխանաբար:

Փետրվարի 24-ից Ախմադաբադի՝ Գուջարատ նահանգի ամենամեծ քաղաքի իշխանություններն արգելել են հանրային բոլոր միջոցառումները՝ բացառությամբ հարսանիքների եւ թաղման արարողությունների: Սակայն ձեռնարկված միջոցները ոչ մի կերպ չեն արտացոլվել վիճակագրության վրա, որը քաղաքում իսկական խուճապ է առաջացրել: Այս կապակցությամբ Ախմադաբադի փաստաբանների ասոցիացիան հայտարարել է, որ ավելի քան 10 հազար փաստաբան մոտակա շաբաթվա ընթացքում ներկա չի գտնվելու դատարանների նիստերին՝ վարակվելուց խուսափելու համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում