Ծխելը նպաստու՞մ է ավելորդ քաշի գոյացմանը

6 մարտի, 2015  22:38

Երիտասարդ կանանցից ոմանք պնդում են, որ ծխելն իրենց հնարավորություն է ընձեռում վերահսկել քաշն ու չգիրանալ: Սակայն, ինչպես պարզել են Օրեգոնի (ԱՄՆ) գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները, դա ընդամենը միֆ է: Իրականում ծխելը ոչ միայն չի նպաստում նորմալ քաշ պահպանելուն, այլ, ընդհակառակը, գիրացնում է: Ծխող կանայք երեք անգամ ավելի արագ են ավելորդ քաշ հավաքում, քան չծխողները:

Այս եզրակացությանը նախորդող երկու տարվա ընթացքում գիտնականները հետեւել են 400 երիտասարդ կանանց առողջությանը, որոնց թվում կային ինչպես ծխողներ, այնպես էլ չծխողներ:  Այս երկու տարվա ընթացքում ծխող կանայք միջինում 2.9 կգ քաշ են հավաքել, չծխողները՝ 0.9՝ մոտավորապես 3 անգամ պակաս:

Ինչու՞ են ծխողները գիրանում, դեռեւս հայտնի չէ, դա պարզելու համար նոր հետազոտություններ են անհրաժեշտ: Սակայն պարզ է մեկ բան. ծխախոտը չի վերահսկում քաշը:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Appetite ամսագրում:

Հիշեցնենք նաեւ, որ ծխելը նպաստում է մի շարք ուռուցքաբանական հիվանդությունների ի հայտ գալուն, որոնցից ամենատարածվածն այսօր թոքերի քաղցկեղն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում