«Սուպերբակտերիան» ախտահարել է Լոս Անջելեսի կլինիկայի երկու հիվանդի

5 մարտի, 2015  19:26

Լոս Անջելեսի (Կալիֆորնիա) երկու կլինիկայի հիվանդներին ախտահարել է հակաբիոտիկների նկատմամբ կայուն «սուպերբակտերիան» էնտերոբակտերիաների դասից: Առաջին ախտահարման մասին հայտնել է Ռոնալդ Ռեյգանի անվան Լոս Անջելեսի համալսարանի բժշկական կենտրոնը (The Ronald Reagan UCLA Medical Center): Այժմ նույն վարակը հայտնաբերվել է նաեւ Cedars-Sinai բժշկական կենտրոնում:

Այս պահի դրությամբ հայտնի է «սուպերբակտերիայի» զոհ դարձած չորս հիվանդի մասին, որոնք վարակվել են էնդոսկոպիկ պրոցեդուրաների ժամանակ: Հիվանդներից մեկը մահացել է չբացահայտված պատճառներով, սակայն, բժիշկների խոսքով, մահվան ելքը պայմանավորված չէր «սուպերբակտերիայով»: Կլինիկայում նշում են, որ ինֆեկցիան պահպանվել է էնդոսկոպների վրա նույնիսկ դրանք սահմանված կարգով մաքրելուց հետո: Ինֆեկցիայի բացահայտումից հետո սարքավորումները ոչնչացվել են, իսկ մաքրման կարգը փոփոխվել է:

Կարբապենեմ շարքի հակաբիոտիկների նկատմամբ կայուն էնտերոբակտերիաները կարող են միզապարկի եւ թոքերի մահացու ինֆեկցիաներ առաջացնել՝ որոշ դեպքերում մահվան պատճառ դառնալով, նշում են մասնագետները:

Բուժհաստատության ներկայացուցիչները նշել են, որ Cedars-Sinai հիվանդներին, ընդհանուր առմամբ, ոչինչ չի սպառնում: Այնումենայնիվ, պրոցեդուրաների ենթարկված հիվանդները հավելյալ հետազոտություններ կանցնեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում